«Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալը

Հունվարի 3-ին Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին։

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական պաշտոնական աղբյուրներին։

«Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին
«Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին

Ըստ աղբյուրի՝ տարածված հայտարարության մեջ Խամենեին նշել է, որ «Ղոդս» ստորաբաժանման ծրագիրը կշարունակի անփոփոխ մնալ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

ՄԱԿ ԱԽ՝ 2007 թվականին ընդունված 1747 բանաձևով ՄԱԿ-ի անդամ երկրներին արգելվում էր ընդունել կամ այլ երկիր տեղափոխել Սոլեյմանիին։ Սոլեյմանին ընդգրկված էր նաև ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *