Ռուսաստանը Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումը սկսելու է 2020-ից. Կոժին

Մարտի 12-ին Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ ստորագրված Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագիրը սկսելու է իրագործվել 2020 թվականից: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Թուրքական կողմը ցանկություն է հայտնել արագացնել Ս-400-ի մատակարարման պայմանագրի իրականացումը, մենք այստեղ գտանք լավագույն տարբերակը, համաձայնվեցին արագացնել պայմանագրի կատարումը, իրականացման սկիզբը, կարծում եմ կլինի մոտավորապես 2020թ. սկիզբը», — հայտարարել է Կոժինը:

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ (արխիվ)

Սակայն 2017 թվականի դեկտեմբերին նույն Կոժինը հայտարարել էր, որ նշված ՀՕՊ համակարգերը Թուրքիայի կսկսեն մատակարարել 2019 թվականի վերջին — 2020 թվականի սկզբին: Ստացվում է, որ Թուրքիայի ցանկությունը ոչ թե նպաստում է պայմանագրի կատարման արագացմանը, այլ՝ ընդհակառակը:

Նշենք, որ ամերիկյան կողմը մի քանի անգամ զգուշացումներ է արել Թուրքիային այս համակարգերի գնման դեպքում հնարավոր խնդիրների մասին, իսկ ՆԱՏՕ-ից էլ մշտապես հայտարարում են, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ: Թուրքական կողմն էլ պարբերաբար հայտարարում է, որ չեն հրաժարվելու Ս-400-ներից:

Հատկանաշական է, որ ըստ թուրքական «Հաբերթյուրք» կայքի լրագրողի՝ այս տարվա փետրվարի վերջին եվրոպացի մի շարք լրագրողների հետ դռնփակ հանդիպման ժամանակ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ:

Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան 2017 թ. վերջին ստորագրել են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *