ԱՄՆ-ից Թուրքիային «նախազգուշացում». «Ս-400-ները իրենց հետ պատժամիջոցներ կբերեն». «Հաբերթյուրք»

Թուրքական «Հաբերթյուրք» կայքի լրագրողը պնդում է, թե եվրոպացի մի շարք լրագրողների հետ դռնփակ հանդիպման ժամանակ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Կայքում նշվում է, որ դռնփակ հանդիպմանը նաև իրենց այդ լրագրողն է մասնակցել:

Ըստ թուրքական կայքի՝ Վաշինգտոնն Անկարային «առաջարկում է» մտածել այլ լուծումների ուղղությամբ: Հանդիպումն անցկացրել են ԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը: Այսինքն՝ այս «ուղերձը» դիտարկվում է որպես ԱՄՆ պետական դիրքորոշման արտահայտում:

Ըստ այս տեղեկության՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է նրանից, որ Թուրքիան Ս-400-ներ է գնելու, ու դա նաև վտանգ կլինի ՆԱՏՕ-ի համար: Եվ առաջարկել է, որ իրենք կարող ենք Թուրքիային այս հարցում օգնել:

Այն, որ Վաշինգտոնի կողմից նման ուղերձներ կան, հաստատում է նաև փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը:

Թուրք գործիչը «կոչ է անում» իրենց հետ չխոսել սպառնալիքի լեզվով, ու նշում է, որ իրենք մինչև Ռուսաստանի հետ համաձայնության գնալը փորձել են այդ համակարգերը գնել ԱՄՆ-ից, Եվրոպայից, սակայն չի ստացվել: Ըստ Չավուշօղլուի՝ քանի որ Թուրքիան նման համակարգերի անհետաձգելի պահանջ ունի, ապա պետք է գնեն ռուսաստանյան համակարգերը:

Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան 2017 թ. վերջին ստորագրել են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *