ՌԴ, Թուրքիայի և Իրանի ԶՈւ ԳՇ պետերը կամրապնդեն Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» համակարգումը

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետեր Վալերի Գերասիմովը, Հուլուսի Աքարը և Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սոչիում հանդիպման ընթացքում համաձայնության են եկել Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում» աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Կողմերը նաև մշակել են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին «վերջնականապես ոչնչացնելու քայլերը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի ներկա վիճակին, «ապաէսկալացման գոտիներում» անվտանգության պահպանմանը, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ քաղաքական լուծմանը վերաբերող հարցեր:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողության ակտիվ փուլն ավարտվում է:

«Սիրիայում ռազմական գործողության ակտիվ փուլն ավարտվում է: Չնայած դեռևս մի շարք չլուծված խնդիրներ կան՝ այդ փուլը մոտենում է իր տրամաբանական ավարտին», – հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Սոչիում սիրիական ճգնաժամի հարցով հանդիպելու են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները: Մինչ այս հանդիպումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Կողմերը քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ավարտից հետո Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ Աստանայում կողմերի համաձայնության շրջանակներում Սիրիայի տարածքում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի»: Այս բանակցությունների և այդ գոտիների երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Կողմերը պատրաստվում են դիտորդներ տեղակայել այդ գոտիներում: Դրանցից մեկում՝ Իդլիբում, արդեն իսկ տեղակայվել են թուրքական զորքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *