Թուրքիան արդիականացնում է T-155 ինքնագնաց հաուբիցները

Թուրքիայի զինված ուժերը սպառազինվելու են այդ երկրում հավաքվող T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգերի նոր՝ արդիականացված տարբերակով: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվակայքը:

Ըստ աղբյուրի՝ հաուբիցների նոր տարբերակը՝ «Ֆըրթընա-2»-ը, արդեն իսկ սկսել են արդիականացնել Թուրքիայի հյուսիսարևմտյան Սաքարյա նահանգի Արիֆիե գավառում տեղակայված ցամաքային զորքերի հրամանատարությանը կից զրահատեխնիկայի արտադրության և վերականգման արտադրամասում:

T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգ

T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգ

Կայքի տվյալներով՝ կմեծացվեն հաուբիցի կրակի տեմպը և հեռահարությունը: Բացի այդ, հաուբիցների վրա տեղադրվելու են թուրքական «Ասելսան» ռազմարադյունաբերական ընկերության արտադրության  հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներ:

Տ-155 «Ֆըրթընա»

  • Մարտական զանգված – 47-56 տ (ըստ տարբեր աղբյուրների)
  • Երկարություն – 12մ
  • Լայնություն – 3.4-3.5մ
  • Բարձրություն – 3.43մ
  • Անձնակազմ – 5 (հրամանատար, վարորդ, հրետաձիգ, 2 լիցքավորող)
  • Հիմնական զենք – 155մմ Լ52 թնդանոթ
  • Լրացուցիչ զենք – 12.7մմ գնդացիր
  • Առավելագույն հեռահարություն – 30-40կմ
  • Զինամթերքի պաշար – 48 արկ
  • Շարժիչ – MTU-881 KA 500 դիզելային, 1000 ձիաուժ
  • Արագություն – 66կմ/ժ

Այս ինքնագնաց հրետանային համակարգը հարավկորեական արտադրության K9 Thunder ԻՀՀ-ի՝ Թուրքիայում արտոնագրով հավաքվող տարբերակն է:

Նշենք, որ T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգերի վրա տեղադրված է գերմանական MTU ընկերության արտադրության շարժիչ: 2011-ի մարտին ադրբեջանական կայքերում տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է այդ համակարգերով։ Սակայն ավելի ուշ թուրքական կողմը հայտարարեց, որ գերմանական ընկերությունը չի թույլատրում համակարգերը վաճառել իր շարժիչներով։

2013-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնեց, որ 2011-ին ստորագրվել է Ադրբեջանին 200 մլն դոլար արժողությամբ 36 միավոր նշված հաուբիցներից մատակարարելու պայմանագիր։ Նույն հոդվածում նշվում էր, որ Թուրքիան համակարգերը կվաճառի այլ շարժիչներով։ Սակայն համակարգերի վրա այլ շարժիչների տեղադրման մասին որևէ տեղեկություն հետագայում չհայտնվեց։

Ասյպիսով առայժմ Ադրբեջանին նման համակարգեր վաճառելու հնարավորության մասին անգամ որևէ հստակ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով նաև այս գործարքի անհնարինությունը՝ Ադրբեջանը նախ Ռուսաստանից գնեց «Մստա-Ս» ԻՀՀ-ներ, այնուհետև արդեն չեխական «Դանա» ինքնագնաց հաուբիցներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *