Ապրիլի 9-ին Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է հանձնվել 20-րդ թուրք-իտալական համատեղ արտադրության Տ-129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռը: Սրանով մեկնարկել է թուրքական զինուժին նշված ուղղաթիռների մատակարարման նոր փուլը:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ուղղաթիռի հանձնման արարողությանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքիրի Ըշըքը, ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը: Ուղղաթիռը համալրել է հենց ցամաքային զորքերի սպառազինությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժին մինչ օրս մատակարարվել էր 19 միավոր «Աթաք» ուղղաթիռ, որոնցից վերջինը՝ 2017 թ. հունվարին: Նույն ժամանակ Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել էր, որ պատրաստ են նաև 20-րդ և 21-րդ ուղղաթիռները, որոնք հանձնելու են մոտակա ամիսներին:
20-րդ ուղղաթիռի հանձնումը արդեն իսկ նշանակում է, որ մեկնարկել է նոր խմբաքանակի հանձնումը: Սակայն թուրքական զինուժին մատակարարվելիք «Աթաք» ուղղաթիռների վերջնական քանակը հայտնի չէ:
Ավելացնենք, որ ավելի ուշ՝ 2017 թ. մարտին, Թուրքիայի ՊՆ-ն հայտնեց, որ Տ-129 ուղղաթիռները համալրվել են թուրքական արտադրության հակատանկային հրթիռներով։ Սակայն հրապարակված տեսանյութում իրականում Թուրքիայի ԶՈւ ամերիկյան արտադրության «Կոբրա» հարվածային ուղղաթիռ էր:
Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։ Թուրքիայում հավաքված տարբերակը ներկայում կիրառվում է միայն Թուրքիայի զինված ուժերում՝ քրդական կառույցների դեմ գործողություներում: