Ապրիլի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հարվածների արդյունքում ոչնչացվել են քրդական կառույցի թաքստոցներ, «շարքից հանվել է» PKK-ի 4 զինյալ:
Աղբյուրը չի նշում, թե Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսային կոնկրետ որ շրջաններում է հարվածել քրդական կառույցի դիրքերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածում քրդերին ինչպես Իրաքի հյուսիսում, այնպես էլ իր տարածքում: Վերջին անգամ Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսային Բասյան, Ավաշին շրջաններում և Թուրքիայի հարավարևելյան՝ Իրաքին սահմանակից, Հաքքարի նահանգում հարվածել են PKK-ի դիրքերին ապրիլի 2-ին:
Միևնույն ժամանակ, մարտի 29-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներում` այդ թվում Իրաքին սահմանակից Շրնաք և Հաքքարի նահանգներում, PKK-ի դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Որպես գործողության հիմնական նպատակ է հայտարարվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում Թուրքիայի տարածք «ահաբեկչական խմբավորումների» ներթափանցման կանխումը:
PKK քրդական կառույցը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում՝ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով ցմահ ազատազրկված է Մարմարա ծովի Իմրալը կղզում (Թուրքիայի կազմում)։
PKK-ի և Թուրքիայի ուժայինների միջև բախումները սկսվել են 1984 թվականին և պարբերական դադարներով շարունակվում են մինչև այժմ: Բացի Թուրքիայի ներսում քրդական կառույցի դեմ պայքարից, Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին: