Ապրիլի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղպաշտպանության ծառայության և տարածաշրջանային համագործակցության զարգացման, կամավորական շարժման խթանման հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայկական Կարմիր Խաչի աջակցությունն առաջին օգնության բարձր մակարդակի մասնագետներ պատրաստելու հարցում շատ գնահատելի կլինի, հատկապես սահմանամերձ գոտիներում:
Հայկական Կարմիր Խաչի ընկերության պատվիրակներն պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով, ինչպես նաև՝ Հայաստանում ներդնել միջազգային փորձը: Նախարարին է ներկայացվել իրենց կողմից իրականացվող ծրագրերը:
Որպես կամավորական շարժումը խթանելու միջոց նշվել են նաև ՀՀ համայնքային բյուջեներում աղետների ռիսկի նվազեցման ընդգրկումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին ՀՀ ԱԻ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև» փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն: