Ռուսաստանը «առիթից առիթ» հնարավոր է օգտագործի Իրանի ավիաբազաները. Իրանի ԱԳՆ

Ռուսաստանը չունի ռազմական բազա Իրանի տարածքում: Սակայն  ռուս-իրանական լավ հարաբերությունները հաշվի առնելով՝ Թեհրանը ՌԴ օդուժին երբեմն՝ առիթից առիթ, կարող է թույլ տալ օգտագործել իրանական բազաները, եթե դրանք անհրաժեշտ լինեն ահաբեկչության դեմ պայքարի համար: Այսօր՝ մարտի 28-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այս մասին հայտնել է Reuters գործակալությանը:

Զարիֆը մասնակցում է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա այցին և հայտարարությունն արել է երկու երկրների նախագահների մակարդակով անցկացվող բանակցություններից առաջ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվելու են նաև Սիրիայի հետ կապված հարցեր:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Մինչ այս՝ 2016-ի օգոստոսին, Իրանը ռուսաստանյան օդուժին թույլ էր տվել «առանց այդ մասին աղմկելու» օգտագործել Համադանի (Իրանի արևմուտքում) ավիաբազան՝ դեպի Սիրիա թռիչքներ կատարելու և ահաբեկիչների դեմ պայքարի համար: Սակայն այս համագործակցությանը վերջ էր դրվել այն բանից հետո, երբ ռուսաստանյան պաշտոնյաները բարձրաձայնել էին այս համաձայնության մասին:

Դրանից հետո Մոսկվայի և Թեհրանի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ նոր, զգուշավոր հայտարարություններ են անում ավիաբազաների օգտագործումը վերսկսելու հնարավորությունների մասին:

Խնդիրն այն է, որ Իրանի Համադանի ավիաբազան ռուսաստանյան օդուժին թույլ է տալիս Ռուսաստանի տարածքից մինչև Սիրիա հասնելու փոխարեն որոշ թռիչքներ կատարել հենց Համադանում վերալիցքավորվելուց հետո (Ստորև՝ քարտեզ): Միաժամանակ Ռուսաստանն օգտագործում է նաև հենց Սիրիայի Հմեյմիմ ավիաբազան, սակայն Հմեյմիմը չի կարող ընդունել խոշոր ինքնաթիռներ, ինչպիսիք են ՌԴ ԶՈւ ռազմավարական ռմբակոծիչները:

Քարտեզում գծապատկերով ցուցադրված են ՌԴ օդուժի թռիչքները. Համադանից թռիչքները խնայում են մոտ 1200-1300 կմ թռիչքի ծախս:

Ավելացնենք, որ 2016-ի օգոստոսի 16-ից Ռուսաստանը «Համադան» ռազմաբազան օգտագործել է ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար: ՏՈւ-22Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:

Ավիաբազայի օգտագործման մասին առաջինը հայտարարեց ռուսաստանյան կողմը՝ ներկայացնելով, թե Ռուսաստանն ինքնաթիռներ է տեղակայել Իրանում։ Սա հարուցեց իրանական կողմի զայրույթը, Թեհրանը հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ հրապարակելով Համադանի ավիաբազայից ՌԴ ԶՈւ ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունները։ Ավելին, իրանական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե ինքնաթիռներ է տեղակայել Իրանի ավիաբազայում, այլ ուղղակի թռիչքներ է կատարել այնտեղից։

Արդյունքում իրանական ավիաբազայից Ռուսաստանի օդուժի թռիչքները դադարեցվեցին։ Սակայն անհայտ է՝ հետագայում գաղտնի թռիչքներ եղան, թե ոչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *