Մինչև 2020թ. Արցախի ականազերծումը լրիվ իրատեսական է. «Հալո Թրաստ»

Արցախի տարածքն ականազերծող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպություն Արցախի ծրագրի ղեկավար Էշլի Բոդին հայտնել է, որ մինչև 2020 թվականը Արցախի ամբողջական ականազերծումը լրիվ իրատեսական է: Այս մասին նա հայտնել է CivilNet կայքի հետ հարցազրույցում:

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում (Արցախ)

Հարցազրույցում Էշլի Բոդին նշել է «Հալո Թրաստը» աշխատում է անանուն հովանավորի հետ, և հանգանակված յուրաքանչյուր գումարի դիմաց անանուն հովանավորը փոխանցելու է ևս նույնքան գումար:

Խոսքն այն տարածքների մասին է, որոնք բնակավայրերի մերձակայքում են և ուղղակիորեն ազդում են մարդկանց առօրյա կյանքի վրա:

Բոդին հայտնում է, որ մինչ այս ականազերծվել է շուրջ 450 ականադաշտ և շուրջ 101-ն էլ պետք է ականազերծվեն, ինչը իրատեսական է նշված ժամկետների սահմաններում:

Մինչ այս՝ մարտի 17-ին, կազմակերպության արցախյան բաժնի Թվիթերում նշվում էր գրեթե նույնքան մնացած ականադաշտերի մասին:

«Հալո Թրաստին»  օժանդակում է նաև ԱՄՆ կառավարության օժանդակության USAID ծրագիրը, սակայն Բերձորում (Լաչին) կատարված ականազերծման աշխատանքները դուրս էին  USAID-ի օժանդակության շրջանակներից: Էշլի Բոդին սա բացատրում է նրանով, որ իրենք զգուշավորություն են ցուցաբերում այս տարածքների վերաբերյալ՝ քաղաքական խնդիրների պատճառով: Այս թեմայով Բոդին նշում է, որ USAID-ի օժանդակությունները վերաբերում են միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է Բերձորում անցկացվող ականզերծման աշխատանքներին, ապա դրա համար գումարը հավաքում է OneArmenia կազմակերպությունը: (Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ):

«Հալո Թրաստի» աշխատանքներին ներգրավված են նաև տեղի բնակչությունից, որոնք օգնում են ականազերծման աշխատանքներում, ինչպես նաև տրամադրում են ականապատ տարածքների մասին տեղեկություններ: Ներկայումս «Հալո Թրաստը» ունի շուրջ 170 աշխատակից:

Տեղի բնակչության հետ տարվում են նաև աշխատանքներ, մասնավորապես՝ կրթելու և պատրաստելու ուղղությամբ: Իսկ 2020 թվականին ականազերծման աշխատանքները ավարտելուց հետո, ըստ Էշլի Բոդիի, արդեն փորձ կուտակած տեղացի մասնագետները հնարավորություն կստանան ներգրավվելու «Հալո Թրաստի», ինչպես նաև ականազերծմամբ զբաղվող այլ կազմակերպությունների աշխատանքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *