Կոմերցիոն փոքր քառապտուտակ անօդաչու թռչող սարք խոցելու համար «ԱՄՆ մտերիմ դաշնակից» երկիրը կիրառել է ամերիկյան «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության հրթիռ, որի արժեքը մոտ 3 մլն դոլար է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի մարտական պատրաստության ղեկավար, գեներալ Դեյվիդ Պերկինսը:
Ամերիկացի գեներալը նշել է, որ փոքր անօդաչու թռչող սարքը խոցվել է, բայց կասկած է հայտնել գործողության արդյունավետության վերաբերյալ:
«Եթե ես թշնամի լինեի, կմտածեի՝ կարելի է eBay-ից որքան հնարավոր է շատ գնել այդ 300 դոլարանոց անօդաչուներից՝ նրանց ունեցած բոլոր «Պատրիոտ» հրթիռները վատնելու համար», — նշել է գեներալը:
Զինվորականը չի անվանել, թե կոնկրետ որ երկիրն է նման քայլի դիմել, սակայն ենթադրել է, որ դա եղել է ոչ թե վարժանք, այլ իրական մարտական գործողություն:
Բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսն իր հերթին նշում է, որ «Պատրիոտ» հրթիռով փոքր ԱԹՍ խոցած երկիրն այլ տարբերակ չուներ անօդաչուի դեմ պայքարի համար:
Ներկայում ամերիկյան այս համակարգից իրենց սպառազինության մեջ ունեն ԱՄՆ դաշնակից 10-ից ավելի պետություններ, որոնցից հակամարտություններում ներգրավված են Իսրայելը և Սաուդյան Արաբիան (Եմենում):
Եթե հաշվի առնենք, որ Իսրայելն ԱԹՍ-ների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ ունի, ապա առավել հավանական է, որ փոքր ԱԹՍ-ն խոցելու համար թանկարժեք հրթիռն օգտագործել է հենց սաուդյան բանակը:
Նախկինում Սաուդյան Արաբիան այս հրթիռային համակարգը կիրառել է նաև եմենցիների արձակած «Սկադ» հեռահար հրթիռների դեմ պայքարելիս: Առաջին անգամ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ եմենցի հութիներն արձակել են 2015-ի հունիսի 6-ին՝ թիրախավորելով Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան: Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով: Այնուհետև նույն թվականի հունիսի 29-ին հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք ََԱլ-Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմաբազային։
Արդեն 2017-ի փետրվարի սկզբին եմենցիները ևս մեկ «Սկադ» են արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ: Այս անգամ սաուդյան բանակի ՀՕՊ ստորաբաժանումները չեն կարողացել որսալ հրթիռը, և այն հասել է իր թիրախին: