Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել Հնդկաստանում Տ-90Ս տանկերի արտադրման արտոնագիրը և պատրաստ է օժանդակել տանկերի արտադրության ընդլայնման կամ տանկեր մատակարարելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը։
Փետրվարի 14-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ըստ Դրոժովի` Դաշնային ծառայությանը հայտնի է լրացուցիչ Տ-90Ս տանկերի ձեռք բերման շուրջ Հնդկաստանի ՊՆ պլանները, սակայն այդ հարցով դեռ պաշտոնական դիմում չի եղել։ Փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը
Այժմ մենք չենք կարող ասել՝ Հնդկաստանին կտրամադրվեն պատրաստի տանկեր, թե՞ բաղադրիչներ` դրանք արտոնագրով հավաքելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ռուսաստանից 464 միավոր Տ-90 տանկ գնելու շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։
Միաժամանակ Դրոժովը հայտնել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանը ու Հնդկաստանը կստորագրեն Հնդկաստանին 48 միավոր Մի 17Վ-5 ուղղաթիռ մատակարարելու պայմանագիր:
Հիշեցնենք նաև, որ 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին։