Հնդկաստանի ՊՆ-ն հաստատել է 464 միավոր Տ-90 տանկի գնումը Ռուսաստանից

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ռուսաստանից 464 միավոր Տ-90 տանկ գնելու շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։ Տանկերը տեղակայվելու են Հնդկաստանի՝ Պակիստանի հետ սահմանին։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնում է հնդկաստանյան The Times of India լրատվակայքը։

Հնդկաստանը իր սպառազինությունում ներկայում ունի 850 միավոր Տ-90 տանկ և մինչև 2020 թվականը նախատեսում է թիվը ավելացնել ևս 800֊ով։

Ավելի վաղ Հնդկաստանի բանակի հրամանատարությունը արդեն հավանություն տվել էր նախագծին, այն պետք է հաստատեր երկրի պաշտպանության նախարարարությունը։

Ընդհանուր առմամբ, երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ զինտեխնիկայի ձեռքբերման համաձայնագրեր։

Ձեռք բերվող տեխնիկայից են նաև 83 միավոր հնդկաստանյան արտադրության Tejas Mark-1A կործանիչները, 598 միավոր հնդկաստանյան անօդաչու թռչող սարքերը և 15 միավոր թեթև ուղղաթիռները։

Նշվում էր նաև, որ հավանաբար 464 միավոր Տ-90 տանկի ձեռքբերման պայմանագրի նախագիծը պայմանավորված է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև նախկինում կնքված պայմանագրերով Տ֊90 տանկերի մատակարարման դանդաղ ընթացքով:

Հնդկաստանը առաջին երեք Տ-90 տանկերը փորձարկումների համար Ռուսաստանից գնել է դեռևս 1999-ին։ 2001-ին երկու կողմերը կնքել են 310 միավոր Տ-90 տանկերի գնման պայմանագիր, որի գինը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2006-ին Հնդկաստանը գնել է ևս 330 տանկ, որոնց համար վճարել է շուրջ 800 մլն ամերիկյան դոլար։ 2007-ին Հնդկաստանը գնել է ևս 347 Տ-90 տանկ, որի համար վճարել է 1,2 մլրդ ամերիկյան դոլար։

Իսկ դեռևս 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին, իսկ տանկերի արտադրության ավարտը նախատեսված է 2020-ին։

3 responses to “Հնդկաստանի ՊՆ-ն հաստատել է 464 միավոր Տ-90 տանկի գնումը Ռուսաստանից

  1. Pingback: Հնդկաստանը մտադիր է ստեղծել զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական սեփական համակարգ | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը երկարաձգում է Հնդկաստանում Տ-90Ս տանկերի արտադրման արտոնագիրը | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը մեծ թվով Տ-90ՄՍ տանկեր կմատակարարի Մերձավոր Արևելքի երկրներից մեկին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *