Հոկտեմբերին Ռուսաստանը և Իրաքը սպառազինության վաճառքի շուրջ 4.2 մլրդ դոլարի պայմնագիր էին կնքել։ Պայմնագիրը ստորագրվել էր Մոսկվայում, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկիի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև։ Ինչպես նախկինում արդեն տեղեկացրել էինք, պայմանագիրը ներառում էր 30 Մի-28Ն մարտական ուղղաթիռ և 42 «Պանցիր-Ս1» հրթիռահրանոթային զենիթային համակարգ։
Սակայն այդ գործարքի ապագայի վրա արդեն այսօր մութ ամպեր են կուտակվել։ Օրեր առաջ «Ֆրանս-պրես» գործակալությունը՝ հղում անելով Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Ալի Մուսսավիին, հայտնել էր, որ պայմնագիրը չեղյալ է հայտարարվել։ Ըստ Մուսսավիի վարկածի, չեղյալ հայտարարելու պատճառը կոռուպցիոն ռիսկերն են եղել։ Մասնավորապես նա նշել է, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Իրաքի վարչապետի մոտ կասկածներ են առաջացել, որ ռուսական կողմը չի ապահովում գործարքի թափանցիկությունը և հրահանգել է ստուգումներ իրականացնել։
Այն, որ ռուս-իրաքյան այդ պայմանագիրը կնքվել է նաև իրաքյան տարբեր պաշտոնյաներին կաշառքներ տալու կամ խոստանալու շնորհիվ, կարելի է գրեթե չկասկածել, հատկապես հաշվի առնելով, որ Իրաքն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է համարվում։ Բայց հենց այս վերջին հանգամանքն էլ հաշվի առնելով, զավեշտալի է թվում, որ գործարքի տապալման պատճառ լինեն կոռուպցիոն ռիսկերը։
Հետևաբար, իրական պատճառները պիտի փնտրել այլ ոլորտում։ Հավանական է ամեն ինչ, սկսած ԱՄՆ ճնշումներից, որը հազիվ թե ոգևորված է իր ազդեցության ոլորտում ռուսական ռազմական արդյունաբերության այդպիսի հաջողությամբ, վերջացրած այն հավանականությամբ, որը ինչ-որ մի երրորդ կողմ կարողացել է ավելի գայթակղիչ առաջարկություն անել իրաքցի պաշտոնյաներին։
Հետաքրքիր է, որ Իրաքի պաշտպանության նախարարը նույնը օրը շտապեց հերքել այս տեղեկությունները, սակայն, դատելով ռուսական կողմի բուռն արձագանքից, գործարքի տապալման վտանգ իսկապես կա։ Ըստ «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների, ՌԴ կառավարությունը մտադիր է պաշտոնական բացատրությունները պահանջել Իրաքից։
Բացի այդ` ռուսական կողմն արդեն փնտրում է նաև մեղավորներին։ Բացի գրեթե ակնհայտ ԱՄՆ-ից, շոշափվում է նաև Ուկրաինայի անունը, որը վերջին շրջանում սպառազինությունների իրաքյան շուկայում որոշակի հաջողությունների էր հասել։ Այս վարկածը կարելի կլիներ հավանական համարել, եթե գործարքը վերաբերվեր զրահատեխնիկային, սակայն Ուկրաինան չունի ռազմական ուղղաթիռների և զենիթահրթիռային համակարգերի սեփական արտադրություն ու Իրաքին կարող է առաջարկել միայն դեռ խորհրդային տարիներից մնացած զինատեսակներ։
Մենք կշարունակենք հետևել իրադարձություններին։ Տեսականորեն հնարավոր է, որ գործարքն այնուամենայնիվ իրականանա, բայց քիչ հավանական ենք համարում, որ ԱՄՆ-ն հանգիստ թույլ տան, որ Իրաքն այդպիսի խոշորածավալ գնումներ կատարի Ռուսաստանից։