«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը դեռ կմնան Կալինինգրադում

Քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները Եվրոպայում են, Ռուսաստանը չի հանի «Իսկանդեր-Մ» համակարգերը Կալինինգրադից։ Այս մասին BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

«Առանց իմանալու՝ արդյոք կչեղարկվեն Եվրոպայում հակառուսական հակահրթիռային համալիր ստեղծելու ծրագրերը, այդ հրթիռները Կալինինգրադից հանել ուղղակի հնարավոր չէ», ” ասել է Պեսկովը։

2016-ի հոկտեմբերին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատեց, որ Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր է տեղակայել Կալինինգրադում և դրանց տեղափոխումն, ըստ նրա, ամենևին էլ գաղտնիք չի եղել։ Կոնաշենկովը ընդգծել էր նաև, որ համակարգը Կալինինգրադում տեղակայվել է մարտական պատրաստության շրջանակներում:

Մինչ այդ Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Կալինինգրադի մարզում:

Ըստ լրատվականի աղբյուրի՝ «Իսկանդերների» տեղակայումը «վտանգավոր» լինել չի կարող, քանի որ  Ռուսաստանը զորավարժությունների շրջանակներում Կալինինգրադի մարզում Իսկանդեր տեղակայել է նաև 2014-ին: Դա կարող է հետապնդել նաև քաղաքական նպատակներ, այն է՝ դեմ արտահայտվել ՆԱՏՕ-ի գործողություններին:

Ըստ ՌԴ «Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի» տնօրեն Կոնստանտին Սիվկովի` համակարգերի կենտրոնացումը  ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման վայրին սահմանակից շրջանում հնարավոր սպառնալիքներին հակազդելու նպատակով է արվում:

Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ՆԱՏՕ-ում լավ գիտեն, որ Ռուսաստանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուղղակի ՆԱՏՕ-ն փորձում է օգտվել առիթից և առավել շատ տեխնիկա կուտակել Ռուսաստանի  սահմանների մոտ։

Նկատենք, որ Կալինինգրադը բուն Ռուսաստանի տարածքի հետ չունի ցամաքային հաղորդակցություն, հարավից սահմանակից է Լեհաստանին, իսկ հյուսիսից՝ Լիտվային:

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ՕՄՀՀ) հրթիռները նախատեսված են մակերևույթին տեղակայված հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, հրթիռային ու հրետանային հեռահար համակարգերի ոչնչացման համար։

Հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Համալիրը բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ առավելագույնը՝ 500 կմ («Իսկանդեր Է» տարբերակի համար այս ցուցանիշը կազմում է 280 կմ)։

One response to “«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը դեռ կմնան Կալինինգրադում

  1. Pingback: 2017-ին ՌԴ ԶՈւ-ն ամբողջովին կվերազինվի «Իսկանդեր» համակարգերով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *