Հունվարի 23-ին Ալգետի հրաձգարանում Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն: Վարժանքները վրաստանցի զինծառայողների Աֆղանստան մեկնելու պատրաստության շրջանակներում են իրականացվում:
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Զորավարժությանը, որի ժամանակ կատարվել են խուզարկության և սպառնալիքներին արձագանքելու առաջադրանքներ, մասնակցել է 140 զինծառայող:
Համաձայն զորավարժության սցենարի՝ 23-րդ գումարտակի զինծառայողներին առաջադրանք է տրվել անցկացնել խուղարկություն ինքնաշեն անցակետում, մշակվել են պայմանական թշնամու հետ շփման արձագանքման, վիրավորների տարհանման գործողություններ:
Պատրաստությունն անցնելուց հետո գումարտակը ուղարկվելու է Գերմանիա, որտեղ անցնելու է մարտական պատրաստության վերջին ստուգումը Աֆղանստան՝ Բաղրամ ավիաբազա, ուղարկվելուց առաջ:
Հիշեցնենք, որ Վրաստանը ակտիվորեն մասնակցում է «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությանը: Այժմ Աֆղանստանում գտնվում է շուրջ 900 վրաստանցի զինծառայող:
Հայաստանի ԶՈւ զինծառայողները նույնպես մասնակցում են խաղաղապահական առաքելությանը՝ 126-131 հոգանոց կազմով: Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում ծառայություն է իրականացնում երկրի հյուսիսային հատվածում:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info