Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Թուրքիայի զինված ուժերի ռազմական մեքենաներից և այլ զինտեխնիկայից կազմված շարասյունը հասել է երկրի հարավային Քիլիս նահանգ՝ անմիջապես Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Համաձայն աղբյուրի՝ զինտեխնիկան Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում տեղակայվելու նպատակով ուղարկվել է Քիլիս նահանգի անմիջապես Սիրիային սահմանկից Էլբեյլի գավառ, որտեղի էլ հիմնականում թուրքական զինտեխնիկան և տանկեր անցնում են թուրք-սիրիական սահմանը:
Նշենք, որ Թուրքիայի զինուժը զինտեխնիկա է կուտակում նաև երկրի մեկ այլ՝ Սիրիայի սահմանակից նահանգում: Մասնավորապես դեկտեմբերի 25-ին Թուրքիայի զինուժը հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառից տանկեր և այլ զինտեխնիկա է տեղափոխել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:
Մյուս կողմից Թուրքիայի ԶՈւ-ն զինծառայողների նոր խումբ է ուղարկում Սիրիայում ընթացող գործողություններին մասնակցելու համար: Դեկտեմբերի 26-ին երկրի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադից շուրջ 500 զինծառայող է ուղարկվել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայր:
2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: