Զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական ուղղությունների

Ձմեռային զորակոչին ընդառաջ փոխոխություններ են եղել նաև վիճակահանության կարգում։ Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները ևս մեկ անգամ անցնելու են բուժզննություն։ Սահմանվել են նաև զորակոչիկների դասակարգման նոր կատեգորիաներ՝ տարբերանշաններով։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի դեկտեմբերի 25-ի թողարկումից։

Ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների:

Ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների

Բուժզննության ժամանակ կատարվելու է ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն, ստուգվելու են առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը և դրանցում առկա գրառումների լիարժեքությունը։

Այնուհետև զորակոչիկները դասակարգվելու են ըստ կատեգորիաների՝ համապատասխան տարբերանշաններով.

  • «Ը» – ընդհանուր հիմունքներով զորակոչվողներ
  • «Ա» – բնակության վայրին մոտ, մոտավորապես զոչակոչիկի հաշվառման վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու՝ օրենքով սահմանված արտոնությունից օգտվողներ
  • «Վ» – ՊՆ պատվերով նախազորակոչային տարիքում զինվորական մասնագիտություն ստացած, ԴՈՍԱՖ-ի դասընթացները ավարտած վարորդներ
  • «Մ» – (մասնագիտական), ՊՆ պատվերով նախազորակոչային տարիքում զինվորական մասնագիտություն ստացած ՄՏԼԲ մեխանիկ-վարորդներ և ռադիոհեռագրավարներ

Օրենքով սահմանված արտոնությունից օգտվող զորակոչիկներն են․

  • Միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակ հանդիսացող զորակոչիկները
  • ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող զորակոչիկները
  • Երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր
  • Ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները
  • ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող զորակոչիկները, ինչպես նաև ՀՀ Զու-ում և այլ զորքերում ծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող զորակոչիկները, եթե նրանք հանդիսանում են ընտանիքի միակ զավակը

Ձմեռային զորակոչի փոփոխություններից մեկով էլ, այսուհետև հիմք ընդունելով զորակոչիկի լրիվ պիտանելիությունը զինվորական ծառայությանը, նրա գիտելիքները և ունակությունները՝ ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները դասակարգվելու են ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների՝ ստանալով հետևյալ տարբերանշանները․

  • «Ուհ» – ուսումնական հումանիտար
  • «Ուտ» – ուսումնական տեխնիկական
  • «Ուխ» – ուսումնական խոհարար
  • «Ուվ» – ուսումնական ուժակուտակչագործ վարպետ

Զորակոչիկներ են ընտրվելու նաև պատվոպահակային վաշտի և հատուկ նշանակության ստորաբաժանումների համար, առանձնացվելու են նաև երաժիշտ զորակոչիկները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ, ի տարբերություն նախորդ տարիների, զորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում։

Իսկ ծնողների համար հավաքակայանում սպասասրահ էր կահավորվելու՝ մոնիտորներով, որի միջոցով ծնողները հետևելու են զորակոչիկների վիճակահանության գործընթացին։

Այսուհետ զորակոչիկները հրաժեշտի հնարավորություն են ունենալու սպասասրահում սպասող ծնողների հետ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել էր «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար:

Հիշեցնենք, որ զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է նոյեմբերի 11-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *