Բաշար Ասադ. Ռազմական տեսանկյունից Հալեպում հաղթողը կհաղթի Սիրիայում

Դեկտեմբերի 8-ին արաբական «Ալ-Վաթան» պարբերականին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անդրադարձել է Հալեպի ազատագրման գործողությունների նշանակությանը՝ Սիրիայում զինյալների, ահաբեկիչների դիրքերի թուլացման տեսանկյունից: Ասադը նշել է, որ Հալեպի ազատագրման արդյունքում կթուլանան զինյալներին աջակցող ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի դիրքերը:

Հարցազրույցի տեքստը փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները կարող են կասեցնել Հալեպի գրավումը, Ասադն ասել է, որ իրենք ի սկզբանե նպատակ են դրել ազատագրել ոչ միայն Հալեպն ամբողջությամբ, այլև՝ Սիրիայի ողջ տարածքը: Սիրիայի նախագահը նշել է, որ Հալեպի արևելյան մասի գրավումը ոչ թե քաղաքական բանակցությունների արդյունք էր, այլ զուտ ռազմական գործողությունների:

Հարց. «Ինչի՞ հետ է կապված Հալեպի ազատագրության շուրջ միջազգային խուճապը, եթե այնտեղ կռվող զինյալների մեծ մասը «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամներ են, որը նշվում է որպես ահաբեկչական կառույց»:

Ասադ. «Այդտեղ մի շարք պատճառներ կան: Նախ Դամասկոսի և հետագայում նաև Հոմսի մարտերում այդ ուժերի պարտությունը Հալեպը դարձրեց նրանց համար վերջին ռեալ հենարանը հեղափոխության համար: Ահաբեկիչների և նրանց օժանդակողների համար Հալեպի առավելությունը աշխարհագրական դիրքը և Թուրքիային մոտ տեղակայված լինելն է:

Հենց այդ պատճառով վերջին երկու տարում այդ ուժերը կենտրոնացել էին Հալեպում: Քաղաքն ահաբեկիչներից ազատագրելը կնշանակի հիմքից նրանց այդ ծրագրերի ձախողում: Դամասկոսում, Հոմսում և Հալեպում ահաբեկիչների ձախողումը նշանակում է, նրանց և օժանդակողների ձեռքում որևէ իրական խաղաքարտ չի մնում»:

Սիրիայի նախագահը նշել է, որ իրենք միշտ կողմ են զինադադարների հաստատմանը, քանի որ դրանք թույլ են տալիս առավել քիչ ավերածություններ, զոհեր ունենալ: Սակայն Հալեպի հարցում այդպես չեղավ, քանի որ դա զինյալներին թույլ կտար վերախմբավորվել, վերադասավորել ուժերը և անցնել հակահարձակման: Հաշվի առնելով Հալեպի ռազմավարական կարևոր նշանակությունը՝ սիրիական բանակի առաջխաղացման պայմաններում հրադադար հաստատելը սխալ քայլ կլիներ:

«Ռազմական տեսանկյունից Հալեպում հաղթողը կհաղթի Սիրիայում: Դամասկոսը և Հալեպը Սիրիայի կարևորագույն քաղաքներն են … Թուրքիան, և մասնավորապես էրդողանը, բոլոր խաղադրույքները Հալեպի վրա էին կատարել … Սակայն մենք պետք է իրատես լինենք. Հալեպում հաղթանակը չի նշանակի, որ Սիրիայում պայքարը վերջացած է: Դա կլինի միայն կարևոր ձեռքբերում՝ հետագա հաղթանակների համար..»,— Ասել է Սիրիայի նախագահը:

Անդրադառնալով սիրիական հակամարտության հարցում Ռուսաստանի դերին՝ Ասադն ասել է, որ Սիրիային վերաբերող ցանկացած հարց առանց պաշտոնական Դամասկոսի հետ խորհրդակցելու չի քննարկվում:

Ասադը անդրադարձել է նաև սիրիական հակամարտության կարգավորման համար ժնևյան բանակցություններին: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ դա ի սկզբանե «մեռած գործընթաց էր», քանի որ սիրիական ընդդիմադիր կողմերից յուրաքանչյուրը սպասարկում է այլ պետության շահերը: Նա նշել է, որ սիրիական հասարակության մեջ, տարբեր ուժերի միջև երկխոսություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը կբանակցի իր դիրքերից ու չի սպասարկի այլոց շահերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերից մինչ օրս Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերն ազատագրել են Արևելյան Հալեպի մեծ մասը, Հին Հալեպ թաղամասը և մի շարք այլ շրջաններ: Զինյալները Հալեպում հայտնվել են շրջափակման մեջ՝ բավականին փոքր տարածքում:

Իրադարձությունների նման ընթացքը ստիպել էր Սիրիայի հարցով ավելի արմատական հայտարարություն կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Էրդողանի այդ հայտարարությունը ընկալվում էր նաև որպես Հալեպի հարցով Թուրքիայի ուղերձը Ռուսաստանին: Այս և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածներում:

One response to “Բաշար Ասադ. Ռազմական տեսանկյունից Հալեպում հաղթողը կհաղթի Սիրիայում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *