Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով) Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ այլ երկրների ռազմածովային ուժերի ու օդուժի, առափնյա անվտանգության նավերի ու ուղղաթիռների մասնակցությամբ անցկացվում է «Նուսրեթ – 2016» (Nusret-2016) զորավարժությունը: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում
Զորավարժությանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը, որի ջրային սահմանների հարևանությամբ էլ անցկացվում է զորավարժությունը:
Զորավարժության նպատակը մասնակից երկրների կողմից պատերազմի ժամանակ ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն են, ինչպես նաև տարբեր երկրների համապատասխան միավորումների հետ համատեղ գործողությունների ծրագրի մշակումը:
Թուրքական կողմից զորավարժությանը մասնակցելու է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի 15 նավ, ռազմաօդային ուժերի 2 միավոր F16 կործանիչ և 1 բեռնատար C-130 Hercules ինքնաթիռ:
Մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի՝(SNMCMG-2) Թուրքիայի և Գերմանիայի 1-ական ականզերծող նավ և Հունաստանի 1 հրամանատարաշտաբային նավ, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Իսպանիայի ՌԾՈւ նավեր:
Զորավարժության ընթացքին հետևում են 16 դիտորդներ, այդ թվում՝ Վրաստանից, Սաուդյան Արաբիայից և այլն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-24-ը ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ միասին Միջերկրական ծովում անցկացրել են Mavi Balina–2016 զորավարժությունը: Բացի ՆԱՏՕ անդամ երկրներից, զորավարժությանը մասնակցել են նաև Պակիստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները: Հատկանշական է, որ զորավարժությանը չի մասնակցել Հունաստանը, որի ջրային տարածքի հարևանությամբ էլ անցկացվել է զորավարժությունը: