Նոյեմբերի 19-24-ը ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ միասին Միջերկրական ծովում անցկացնում են Mavi Balina–2016 զորավարժությունը: Բացի ՆԱՏՕ անդամ երկրներից զորավարժությանը մասնակցում են նաև Պակիստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Հատկանշական է, որ զորավարժությանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը, որի ջրային տարածքի հարևանությամբ էլ անցկացվում է զորավարժությունը:

Թուրքիայի ԶՈւ ուղաթիռներից մեկը և «TCG Gelibolu» ֆրեգատը Միջերկրական ծովում անցկացվող «Mavi Balina-2016» զորավարժության ժամանակ:
Զորավարժության նպատակը վերջրյա և ստորջրյա օբյեկտների դեմ պայքարի մարտավարական հմտություններ ձեռք բերելն է:
Նոյեմբերի 23-ին Թուրքիայի Մարմարիս նավահանգստային քաղաքի «Աքսազ» ռազմակայանից ռազմանավերի դուրս բերմամբ մեկնարկել է զորավարժության երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն ԶՈւ ԳՇ կայքի հաղորդագրության՝ թուրքական կողմից զորավարժությանը մասնակցում է ռազմածովային ուժերի 4 ֆրեգատ, 5 սուզանավ, 1 կորվետ, թիքունքային ապահովման 1 նավ, պարեկային 2 ինքնաթիռ և 4 ուղղաթիռ։
ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ մշտական խմբի կազմում Կանադայից զորավարժություններին մասնակցում է 1 ֆրեգատ, իսկ Իսպանիայից՝ թիքունքային ապահովման 1 նավ:
ԱՄՆ-ի ՌԾՈւ-ից զորավարժությանը մասնակցում է 1 էսկադրային ականակիր (էսմինեց) և պարեկային 1 ինքնաթիռ, Բուլղարիայից և Պակիստանից՝ մեկական ֆրեգատ, իսկ Ռումինիայից՝ 1 կորվետ:
Զորավարժությանը ընդգրկված է ընդհանուր առմամբ 16 դիտորդ՝ ԱՄՆ-ից, Վրաստանից, Քուվեյթից, Լիբանանից, Պակիստանից, Ռումինիայից, Սաուդյան Արաբիայից, Նիգերիայից:
Նշենք, որ այս զորավարժությունը իրականացվում է 2 տարին մեկ, այս տարի 5-րդ անգամն է, նախորդ անգամ անցկացվել է 2014-ին:
Pingback: Թուրքիան և ՆԱՏՕ անդամ մի քանի երկրներ զորավարժություն են անցկացնում | Ռազմ.info