Հնդկաստանը ծրագրում է ձեռք բերել 464 միավոր ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ։ Շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրն իր մեջ ներառելու է տանկերի հավաքում հնդկաստանյան Heavy Vehicles Factory (HVF) ձեռնարկությունում։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail լրատվակայքը։
Ջերմատեսիլներով և գիշերային տեսանելիության սարքերով սպառազինված 464 միավոր Տ֊90ՄՍ տանկի ձեռքբերումը թույլ կտա Հնդկաստանին Պակիստանի հետ սահմանին ունենալ համալրված 10 տանկային գունդ:
Հնդկաստանի բանակի հրամանատարությունը արդեն հավանություն է տվել նախագծին, այն պետք է հաստատի պաշտպանական գնումների խորհրդի նախագահ, երկրի պաշտպանության նախարար Մանոհար Փարիքարը։
Ներկայումս, ըստ նույն բրիտանական լրատվամիջոցի, Հնդկաստանը իր սպառազինությունում ունի 850 միավոր Տ-90 տանկ։ Նշվում է, որ հավանաբար պայմանագրի նախագիծը պայմանավորված է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև նախկինում կնքված պայմանագրերով Տ֊90 տանկերի մատակարարման դանդաղ ընթացքով:
Հնդկաստանը առաջին երեք Տ-90 տանկերը փորձարկումների համար Ռուսաստանից գնել է դեռևս 1999-ին։ 2001-ին երկու կողմերը կնքել են 310 միավոր Տ-90 տանկերի գնման պայմանագիր, որի գինը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2006-ին Հնդկաստանը գնել է ևս 330 տանկ, որոնց համար վճարել է շուրջ 800 մլն ամերիկյան դոլար։ 2007-ին Հնդկաստանը գնել է ևս 347 Տ-90 տանկ, որի համար վճարել է 1,2 մլրդ ամերիկյան դոլար։
Իսկ դեռևս 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին, իսկ տանկերի արտադրության ավարտը նախատեսված է 2020-ին։
Նշենք, որ Հնդկաստանի և Պակիստանի լարվածության պատճառը Քաշմիրի շրջանն է։ Հնդկաստանի ու Պակիստանի «Քաշմիրյան հակամարտությունը» սկսվել է 1947թ.-ից։ 1947-1949 թթ. պատերազմի արդյունքում Հնդկաստանը սկսել է վերահսկել Քաշմիրի տարածքի մոտ 2/3-ը, մնացյալը հսկում են պակիստանյան ուժերը։ Քաշմիրի պատկանելության խնդիրը չի լուծվել նաև 1965-1971 թթ. պատերազմից հետո։
Երկու պետությունների հարաբերությունների սրացումը 1999-ի մայիսին կրկին հանգեցրեց պատերազմի (հայտնի է «Կարգիլյան պատերազմ» անունով)։ Մոտ հազար պակիստանցի զինյալ անարգել անցան սահմանագիծը՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական կարևոր նշանակության բարձունքների վրա։ Սակայն որոշ ժամանակ անց հնդկական զինուժին հաջողվեց հետ գրավել կորսված տարածքները։ Պատերազմն ավարտվեց նույն տարվա հուլիսին։
2002-ին կողմերը կրկին հայտնվել էին պատերազմական իրավիճակում։ Բաց դաշտում առճակատումից այնուհանդերձ խուսափեցին, չնայած որ երկու կողմն էլ իր զորքերը մոտեցրել էր սահմանին։
Pingback: Հնդկաստանի ՊՆ-ն հաստատել է 464 միավոր Տ-90 տանկի գնումը Ռուսաստանից | Ռազմ.info