Նոյեմբերի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունից հեռացվել է 1218 մարդ, որոնց մեծ մասը սպաներ և ենթասպաներ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գորածակալությունը:
Համաձայն աղբյուրի՝ ժանդարմերիայից հեռացվածներից 419 հոգին սպա է, 604-ը՝ ենթասպա, հեռացվածների մեջ կան նաև սերժանտներ, էֆրեյտորներ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ երկրի ժանդարմերիայի հրամանատարությունից ժամանակավորապես հեռացվել է 153 զինծառայող, ևս 112-ը հեռացվել է առափնյա անվտանգության հրամանատարությունից:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է ընդունվել երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո: Այդ մասին հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 28-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: