Հոկտեմբերի 21-22֊ին Արցախ այցի շրջանակներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանին, ՊԲ հրամանատար, գեներալ֊լեյտենանտ Լևոն Մնացականյանին, քննարկել առկա իրավիճակը, պաշտպանության բանակի պատրաստվածությունը։ Այս մասին հայտնում են ՊՆ կայքը։
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ֊լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Բանակի խորացված հրամանատարական խորհրդակցության ընթացքում, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը անդրադարձել է ՊԲ ներուժի մեծացման հիմնական գործընթացներին, ներկայացրել այն հիմնական գործողությունները, որոնք կիրականացվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:
Պաշտպանության նախարարն ացելել է նաև առաջնագիծ, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են։
Պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել են նաև «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, հետևել այստեղ իրականացվող պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում հանդիպումներ են ունեցել և ճաշել են անձնակազմի հետ:
Վիգեն Սարգսյանը ՊԲ հրամանատարի հետ այցելել են նաև կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ գտնվող զինծառայողների հետ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info