ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարները Հայաստանում քննարկել են համատեղ խնդիրները

Հոկտեմբերի 21-ին Երևանում կայացել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը։ Մասնակցել են 8 պետույունների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և այլ փոխգործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության կայքը։

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վ. Գ. Կուլիշովի նախագահությամբ՝ հրամանատարների խորհրդի անդամները, ամփոփելով 2016 թվականի գործունեության արդյունքները, քննարկել են մի շարք հարցեր, որոնց հիման վրա ընդունվել է ավելի քան 20 որոշում:

Նիստի ընթացակարգի առանցքային հարցը եղել է 2016 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքների վերլուծությունը և 2017 թվականին իրավիճակի զարգացման կանխատեսումը:

Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ահաբեկչական սպառնալիքների վտանգի նվազեցման, անօրինական միգրացիոն հոսքերի, թմրանյութերի և զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի անդրսահմանային հոսքերի և միջազգային հաղորդակցության ուղղություններով համալիր, համատեղ հատուկ սահմանապահ միջոցառումների իրականացումը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը հանդիպմանն ընդգծել է հրամանատարների խորհրդի և համակարգող մարմնի՝ արդի մարտահրավերների դեմ իրականացվող պայքարի կարևորությունը, ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության և մի շարք այլ առանցքային հարցերում համագործակցության արդյունավետությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *