ՀՀ ՊՆ խնդիրը ոչ թե փոխզիջումների մասին մտածելն է, այլ համակարգն ամրացնելը․ Վիգեն Սարգսյան

Արցախյան հակամարտության մեջ պաշտպանության նախարարության գործառույթը պաշտպանության մակարդակի բարձրացումն է, որպեսզի ամուր լինի հայկական կողմի դիվանագիտական դիրքորոշումը։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում փոխզիջումային տարբերակների խոսակցությունների մասին հարցին։

— Բանակցությունները դիվանագիտական ոլորտի խնդիր են։ Փոխզիջումների շեմը և փոխզիջումային հնարավորությունների միջանցքի լայնությունը որոշվում է այդ բանակցությունների ընթացքում և սահմանվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ խորհրդակցելով բոլոր շահառու կողմերի հետ։ Պաշտպանության նախարարության գործառույթը այս հարցում լրիվ այլ է. բարձրացնել պաշտպանության մակարդակը այն աստիճանի, որպեսզի փոխզիջումների՝ մեզ համար ավելի ցանկալի պատուհանը լինի հնարավորինս լայն, — հայտարարեց նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ որքան ամուր լինի պաշտպանական համակարգը, այդքան ամուր կլինի հայկական կողմի բանակցային դիրքորոշումը և´ բանակցային սեղանի շուրջ, և´ ինքնագնահատման առումով.

— Այդ պատճառով մեր խնդիրը փոխզիջումների մասին մտածելը չէ, մեր խնդիրը համակարգը հնարավորինս ամրացնելն է այնպես, որպեսզի բանակցությունների ժամանակ մենք կարողանանք հանդես գալ շատ հստակ դիրքորոշմամբ։ Եվ այդ հստակ դիրքորոշումը առաջին հերթին պետք է ուղղված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը, որովհետև դա է այս հակամարտության առանցքը, — նշեց նախարարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *