Մեկնարկել է համալիր մենամարտի ՀԱՊԿ միջազգային 10-րդ մրցաշարը

Մերձմոսկովյան «Հորիզոն» սպորտային կենտրոնում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ջոկատայինների մասնակցությամբ համալիր մենամարտի «Աշխարհի հատուկ ջոկատայինները ընդդեմ ահաբեկչության և թմրանյութերի սպառնալիքի» անունը կրող միջազգային 10-րդ մրցաշարը: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Մրցաշարը նվիրված է հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20 և ՀԱՊԿ ստեղծման 10-ամյակին:

Մրցաշարին, որին մասնակցում է ընդհանուր առմամբ 140 մարզիկ, Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերից բացի, կմասնակցեն նաև Վիետնամի, Լեհաստանի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի բացման արարողության ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Խայրուլո Լատիպովի բառերով՝ ՀԱՊԿ դրոշի ներքո իրականացվող համալիր մենամարտի ամեն նոր մրցաշար գնալով միջազգային ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում և ավելի շատ մասնակիցների է գրավում: Ըստ Լատիպովի՝ համալիր մենամարտը, որպես ուժային տեխնիկական հնարքների և գործողությունների ամբողջություն, ՀԱՊԿ անդամ-երկրների հատուկջոկատայինների համար ամենահեռանկարային սպորտաձերից մեկն է:
Հաղթող թիմին կշնորհվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Նախագահների գավաթ» անունը կրող փոխանցիկ գավաթը:

Նշենք, որ մրցաշարի նպատակն է բարձրացնել մասնակից հատուկջոկատայինների ֆիզիկական պատրաստության մակարդակը, նպաստել ՀԱՊԿ անդամ-երկրների հատուկջոկատայինների միջև սպորտային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև համալիր մենամարտի տարածմանը:

Մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք ՌԴ անվտանգության ապահովման միջոցների 16-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Համալիր մենամարտը սպորտային մենամարտի կիրառական տեսակ է, որը ստեղծվել է 2003 թվականին բոքսի, քիքբոքսինգի, ըմբշամարտի և սամբոյի առավել ռացիոնալ տեխնիկաների և մարտավարությունների հիմքի վրա: Այս սպորտաձևը ունի երկու տարբերակ՝ մարզակիրառական և ունիվերսալ-կոնտակտային:

Աղբյուրներ БЕЛТА

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *