ՌԴ խորհրդարանը նույնպես վավերացրեց ՀԱՊԿ երկրների տարածքում օտարերկրյա ռազմական օբյեկտների մասին արձանագրությունը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ պետդուման վավերացվեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը։ Համաձայն արձանագրության ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների ռազմական օբյեկտներ կամ զինուժ կարող են տեղակայել միայն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ նախօրոք խորհրդակցելու և համաձայնեցման դեպքում:

Արձանագրությունը ստորագրվել էր 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին և 10-ին` Բելառուսի խորհրդարանի համապատասխանաբար ստորին և վերին պալատները նույնպես վավերացրեցին այդ արձանագրությունը։

Համաձայնագրի վավերացման հետ կապված Բելոռուսի պատպանության նախարար Յուրի Ժադոբինը նշել է. «ՀԱՊԿ շրջանականերում մենք համատեղ օգտագործում ենք պաշտպանական ենթակառուցվածքը, որը մշտապես կատարելագործվում և զարգանում է: ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երրորդ երկրները շահագրգռված են իրենց ռազմական ներկայությունն ունենալ ՀԱՊԿ անդամ երկրներում: Դրա վառ օրինակը Ղրղզստանում տեղակայված «Մանաս» ամերիկյան ավիաբազան է: Նման ներկայությունը ոչ միշտ է բխում ինչպես ընդհանուր ՀԱՊԿ, այնպես էլ առանձին անդամ երկրների շահերից»։

Եթե ՀԱՊԿ անդամ մնացած երկրներն ու՝ մասնավորապես Ղրղզստանը, վավերացնեն համաձայնագիրը, ապա դա հնարավորություն կտա Ռուսաստանին խոչընդոտել Ղրղզստանում ամերիկյան «Մանաս» ավիաբազայի հետագա շահագործմանը։ ՆԱՏՕ համար այն կարևոր միջանցիկ հանգույց է Աֆղանստանում տեղակայված զորքի մատակարարման համար:

Արձանագրությունը հետին ուժ չունի, բայց 2014 թ. Մանասի օգտագործման վերաբերյալ ղրղզ-ամերիկյան պայմանագրի ժամկետը լրանում է, ինչը հնարավորություն կտա Ռուսաստանին կիրառել այս նորաստեղծ իրավական լծակը ԱՄՆ վրա ճնշում գործադրելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական օբյեկտների տեղակայելու մասին արձանագրությունը վավերացվեց նաև ՀՀ ԱԺ-ում` 70 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկության արդյունքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *