Ռազմական շաբաթի ամփոփում. Հայաստան, հոկտեմբերի 14–20

Անցնող շաբաթը սկսվեց բավականին բուռն՝ թուրքերից սկիզբ առած և այլ երկրների լրատվամիջոցներով տարածված ապատեղեկատվությամբ, թե իբր թուրքական կործանիչները ստիպել են Սիրիա մարդասիրական օգնություն տանող հայկական ինքնաթիռին խուզարկման համար վայրէջք կատարել Էրզրումում։ Սակայն բացառությամբ այդ միջադեպի ռազմաքաղաքական առումով Հայաստանի համար շաբաթը համեմատաբար հանգիստ էր։ Ստորև՝ շաբաթվա հիմնական իրադարձությունները.

  1. Թուրքիայում հայկական ինքնաթիռի վայրէջքի մասին ապատեղեկատվություն
  2. Լյովա Մնացականյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
  3. Իտալիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, Հայաստան-Իտալիա պաշտպանական ոլորտի համագործակցության համաձայնագրի կնքումը
  4. ՊՆ մամուլի քարտուղարն ու Սփյուռքի նախարարն անդրադարձել են սիրիահայերի պարտադիր զինվորական ծառայության հարցին
  5. Կառավարությունը քննարկել է աշնանային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը
  6. Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունները
  7. Հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը կկայանա հոկտեմբերի 23-ին
  8. ԱԺ հանձնաժողովը քննարկեց ու դրական եզրակացություն տվեց զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործունեության ժամկետի երկարաձգման օրինագծին

1. Հոկտեմբերի 15-ին Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական A-320 ինքնաթիռն, ըստ թուրքական կողմի հետ նախնական համաձայնության, բեռի զննման նպատակով վայրէջք կատարեց Էրզրումի օդանավակայանում: Սակայն թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, թե հայկական ինքնաթիռի վայրէջքը պարտադրել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Թեպետ հայկական կողմն ի դեմս քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի հերքեց այդ տեղեկությունները, սակայն ապատեղեկատվությունն արագ տարածվեց ոչ միայն հայկական, այլև միջազգային լրատվամիջոցներով։

2. Հոկտեմբերի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանին ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց: Մինչ այս նշանակումը Մնացականյանը Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալն էր ու միաժամանակ ՊԲ շտաբի պետը։ «Ռազմինֆոյի» տվյալներով պաշտպանության բանակում Մնացականյանը համարվում է խստապահանջ ու գործից քաջատեղյակ հրամանատար, մեծ հեղինակություն է վայելում։

3. Հոկտեմբերի 16-ին Հայաստան է ժամանել Իտալիայի պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան և նույն օրը հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ հաջորդ օրը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն ռազմական արդյունաբերության, անվտանգության և պաշտպանության, կադրային կառավարման, խաղաղապահ առաքելությունների, Իտալիայում հայ սպաների ռազմական կրթության ոլորտներում:

4. Հոկտեմբերի 15-ին ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած զորակոչային տարիքի սիրիահայ երիտասարդների պարտադիր զինծառայության հարցին, ասել է, որ նրանց մասին շուտով առանձին որոշում կկայացվի: Նույն օրը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս՝ անդրադառնալով այդ հարցին, ասել է, որ սիրիահայերի համար նախատեսված են պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելու և տարկետման նույն իրավունքները, ինչ և ՀՀ մյուս քաղաքացիների համար:

5. Հոկտեմբերի 17-ին կառավարությունը քննարկել է «2012 թվականի աշնանային զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

6. Հոկտեմբերի 17-ին Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» խաղաղապահ զորավարժությունները։ ՀՀ ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Ինչպես նշել է ՀԱՊԿ ղեկավարությունը` հայկական ստորաբաժանումը իրեն դրսևորել է շատ գրագետ և պատրաստված: Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են շատ բարձր մակարդակով»։

7. Արցախի ԱԳՆ հոկտեմբերի 19-ի հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

8. Երեկ, հոկտեմբերի 19-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկեց ու դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի երկարաձգման օրինագծին: Այն նախատեսում է օրենքի գործողությունը տարածել 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2012 թ. նոյեմբերի 1-ը (ներկայիս 2011 թվականի մայիսի 1-ի փոխարեն) ընկած ժամանակահատվածում պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:

Ըստ 2004 թվականից գործող օրենքի, մինչև 27 տարեկան զորակոչից խուսափածները պիտի վճարեն 1 մլն 800 հազար դրամ: Վճարներն ուղարկվում են հատուկ հաշվեհամարի և նախատեսված են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *