Ճապոնա-ամերիկյան հարաբերությունները սրվել են ճապոնուհու բռնաբարության պատճառով

Հոկտեմբերի 16-ին Ճապոնիայի Օկինավա կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի երկու զինծառայող ձերբակալվել են ճապոնացի կնոջ բռնաբարելու մեղադրանքով: Պատահարը բողոքի նոր ալիք է բարձրացրել ճապոնացիների շրջանում և սրել ճապոնա-ամերիկյան հարաբերություները:

Պատահարից երկու օր անց ԱՄՆ բանակը հայտարարել է, որ շուտով նոր միջոցներ կձեռնարկի զինծառայողների «պատասխանատու վարքագիծն ապահովելու համար»:

Ճապոնիայի պաշպանության նախարար Սաթոշի Մորիմոթոն խոստացել է ստիպել ամերիկյան կողմին ձեռնարկել կարգապահությունը բարձրացնելու միջոցներ: Օկինավայի նահանգապետ Հիրոկազու Նակաիման պատահարը նկարագրել է որպես «խելագարություն»:

Ֆուտենմա օդակայանը Օկինավա կղզում

«Ֆուտենմա» ամերիկյան օդակայանը Օկինավա կղզում

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ. 1995 թ. ճապոնա-ամերիկյան հարաբերությունները կտրուկ վատթարացան 12-ամյա ճապոնացի դպրոցականի խմբակային բռնաբարության պատճառով։ Հանցագործներն ամերիկյան երեք զինծառայողներ էին։ Այդ դեպքից հետո Օկինավայում լայնածավալ բողոքներ եղան: 1996թ. Ամերիկան և Ճապոնիան համաձայնագիր կնքեցին, որով ԱՄՆ ռազմաբազաների զբաղեցրած տարածքը կրճատվեց 21 տոկոսով:

Ընդհանրապես 1952-2004 թթ. ընթացքում Ճապոնիայում ԱՄՆ զորքերի հետ կապված մոտ 200.000 դեպք և հանցագործություն է գրանցվել, որին զոհ են դարձել 1076 ճապոնացի։ Սակայն նշենք, որ դեպքերի 90 տոկոսից ավելին ավտոպատահարներ կամ երթեւեկության կանոնների խախտումներ են:

1972-2009թթ. ընթացքում ամերիկյան զինծառայողները կատարել են 5634 հանցագործություն, այդ թվում` 25 սպանություն, 385 կողոպուտ, 127 բռնաբարություն, 306 հարձակում և 2827 գողություն։

Ամերիկացիները գրավել են Օկինավան 1945 թ., և մինչև 1972 թ. կղզին մնացել է նրանց հսկողության ներքո: Այնուհետև հսկողությունը հանձնվել է ճապոնացիներին, բայց առ այսօր Ճապոնիայիում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի կեսից ավելին հենց Օկինավայում են:

Ըստ 1960թ. ճապոնա-ամերիկյան համաձայնության ամերիկացիներն իրենք էին հոգում Օկինավայի ռազմաբազայի բոլոր ծախսերը, սակայն 1970-ակաների վերջին ԱՄՆ ճնշման տակ Ճապոնիան վերցրեց ծախսերի մի մասն իր վրա և այժմ Ճապոնիայի բյուջեից տարեկան 2 միլիարդ դոլար է հատկացվում ամերիկյան ռազմաբազայի համար:

Նշենք, որ պարբերաբար ամերիկյան ռազմաբազաների անձնակազմների հետ լուրջ խնդիրներ են առաջանում նաև Հարավային Կորեայում։

Օրինակ՝ 2011թ. հոկտեմբերին ԱՄՆ զինվորները մեղադրվում էին երկու բռնաբարության, ծեր կնոջ վրա հարձակման և մեկ հրդեհի համար, որից հետո Հարավային Կորեայում ԱՄՆ 28,500 զինվորների տեղակայման դեմ բողոքի ալիք բարձրացավ:

ԱՄՆ պաշտոնյա Կուրտ Քամբելը ներողություն է խնդրել «պատճառած ցավի համար», իսկ բանակը սեփական զինվորների համար պարետային ժամ էր հայտարարել: Բայց կորեացիներից շատերն իրենց կառավարությանը կոչ էին անում չեղյալ հայտարարել Հարավային Կորեայում ԱՄՆ զինվորների տեղակայման համաձայնագիրը` պատճառաբանելով, որ իրենք ԱՄՆ խաղաղապահներից այժմ ավելի են վախենում, քան Հյուսիսային Կորեայի ռեժիմից:

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրել են «Զորքերի Կարգավիճակի Համաձայնագիրը» (ԶԿՀ) 1965թ, իսկ 1995 և 2001 թթ. փոփոխություններ մտցրել: Սակայն ԱՄՆ ռազմաբազաների դեմ պայքարող ակտիվիստները պնդում են, որ համաձայնագիրը չափից ավելի ազատություներ է տալիս ԱՄՆ զորքերին:

Ըստ Հարավային Կորեայի ոստիկանության վիճակագրության, վերջին տարիներին ԱՄՆ զինծառայողների մոտ հանցագործություների աճ է գրանցվել: 2009թ. գրանցվել է 306 հանցագործություն, 2010թ.` 377: 2010 և 2011թթ. բռնաբարության դեպքերը հասել են 11-ի, գողություները 9-ից` 24-ի և բռնության կիրառմամբ հանցագործություներն ընդհանրապես` 118-ից 154-ի:

Հարավային Կորեայում ԱՄՆ զորքերի դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են կազմակերպվել 1992թ.` 28-ամյա կորեացի կնոջը խոշտանգելուց և սպանելուց հետո: 2002թ. ամերիկյան զրահամեքենայի՝ 2 դպրոցական աղջիկների վրաերթի ենթարկելու դեպքից հետո երկրի մայրաքաղաք Սեուլում անկարգություներ սկսվեցին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *