Սեպտեմբերի 21-ին առաջին անգամ միաժամանակ Բանդար Աբասում և Թեհրանում Իրանի ԶՈւ-ն զորահանդես է անցկացնելու: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը: Փոխանցում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԶՈւ մոտոցիկլային «հաշվարկները»՝ զինված ձեռքի հակատանկային նռնականետերով: Իրանի ԶՈւ օրվան նվիրված զորահանդես Թեհրանում, ապրիլ 2016
Զորահանդեսը կազմակերպելու է ԻՀՊԿ-ն՝ երկրում Իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շրջանակներում: Մասնակցելու են ԻՀՊԿ և բանակի ցամաքային, ռազմածովային, օդային ուժերը, ոստիկանական ուժերը և «Բասիջ» միավորումը:
Զորահանդեսին ներկա են գտնվելու պետական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ վերջին խոշորամասշտաբ զորահանդեսը Իրանում անցկացվել է ընթացիկ տարվա ապրիլին: Իրանի բանակի օրվա կապակցությամբ զորահանդեսներ էին կազմակերպվել Իրանի տարբեր քաղաքներում և ներկայացվել էր Իրանի ԶՈւ սպառազինությունը: