Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ստորագրել են Իսրայելին 10 տարվա ընթացքում 38 մլրդ ԱՄՆ դոլարի (տարեկան 3,8 միլիարդ) ռազմական օգնության տրամադրման համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շաննոնը և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ջեյքոբ Նագելը։
38 մլրդ դոլարի համաձայնագիրն ընդգրկում է ֆինանսական օգնություն 2019-ից 2028 թվականների համար: Օգնությունը հաջորդում է 2007-ին ստորագրված 30 մլրդ դոլարի համաձայնագրին, որի ժամկետն ավարտվում է 2018-ին:
Համաձայնագիրը իր մեջ ներառում է.
- Տարեկան 3,3 մլրդ դոլար «արտաքին ռազմական օգնություն»,
- Տարեկան 500 մլն դոլար՝ Իսրայելի հակահրթիռային պաշտպանություն ֆինանսավորման համար,
- Իսրայելը կարող է ամերիկյան արտադրության սպառազինություն գնելուց բացի ռազմական օգնությունից շուրջ 26,3%-ը (տարեկան շուրջ 1 մլրդ դոլար) ներդրումներ կատարել սեփական ռազմական արդյունաբերության մեջ: Փոխարենը պայմանագրի գործելու ընթացքում Իսրայելը պետք է հրաժարվի ԱՄՆ Կոնգրեսում լրացուցիչ ռազմական օգնություն փնտրելուց,
- Տրամադրված ֆինանսավորումի 13 %-ը կարող է օգտագործել ռազմական կարիքների համար վառելիք գնելու համար,
- Իսրայելը կկարողանա թարմացնել իր կործանիչները, այդ թվում ձեռք բերել լրացուցիչ F-35 կործանիչ–ռմբակոծիչներ: (Իսրայելը պլանավորում է ձեռք բերել 33 միավոր F-35 կործանիչ, որոնցից երկուսը կստանա դեկտեմբերին):
Հիշեցնենք, որ իսրայելա-ամերիկյան այս համաձայնության մասին հայտնի էր դարձել օրեր առաջ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info