Իսրայելը հերքում է Սիրիայում իր ինքնաթիռը խոցվելու մասին լուրը

Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13֊ին, Սիրիայի զինված ուժերը  խոցել են Իսրայելի ՌՕՈւ մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հերքում է ինքնաթիռի խոցվելու մասին լուրը։

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Սիրիայի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ սեպտեմբերի 13֊ին ժամը 1֊ին Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռը գրոհել  է Սիրիայի բանակի՝ երկրի հարավարևմտյան Ղունայտռա շրջանում տեղակայված  դիրքերը, և սիրիական բանակի պատասխան կրակի արդյունքում այն ոչնչացվել է։

Հաղորդագրության մեջ հայտնում են նաև Ղունայտռայից հյուսիս ընկած Սասա շրջանում Իսրայելին պատկանող մեկ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը, սակայն, իր Թվիթերի էջում  հերքել է իրեն պատկանող ինքնաթիռի խոցված լինելու լուրը: Դրանից ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ ի պատասխան Սիրիայի տարածքից դեպի Իսրայել կրակին, Իսրայելի զինված ուժերը հարվածել են Գոլանի բարձունքների սիրիական մասում տեղակայված Սիրիայի ԶՈւ հրետանային դիրքերին։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12֊ին, արաբական «Ալ֊Մասդար» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակը վերականգնում է Գոլանի բարձունքներին մերձակա իր դիրքերը և  կորողացել է  ահաբեկիչներից ազատագրել մի շարք շրջաններ։

Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունն էլ սեպտեմբերի 10֊ին հայտնել էր, որ  Ղունայտռայում  Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև մարտերի ընթացքում Իսրայելը հարվածներ էր հասցրել սիրիական բանակի դիրքերին և օգնել ահաբեկչական խմբավորումներին՝ մասնավորապես «Ջեբհաթ ան֊Նուսրային» (անվանափոխությունից հետո ներկայումս այն կոչվում է «Ջեբահաթ ֆաթհ աշ֊Շամ»):

Հավելենք, որ 1967 թ․ արաբական երկրների կոալիցիայի և Իսրայելի միջև Վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելլին հաջողվել էր Սիրիայից վերցնել Գոլանի բարձունքները, ինչը դարձել է երկու երկրների հակասությունների  հիմնական պատճառներից մեկը։

2 responses to “Իսրայելը հերքում է Սիրիայում իր ինքնաթիռը խոցվելու մասին լուրը

  1. Pingback: Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հրետանային բազան. SANA | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի սահմանին Իսրայելը առաջին անգամ հակահրթիռային Iron Dome համակարգ է կիրառել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *