Այսօր՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հաստատվել են մի քանի որոշումներ, որոնցով համակարգվելու են ՀՀ ռազմարդունաբերության համալիրի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Դրանցից մեկով հաստատվել է ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը, որով կհամակարգվեն և միասին պաշտպանական միասնական քաղաքականություն կիրականացնեն ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները:
Որոշվել է ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը:
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման կարգը:
Նշվում է, որ նման բազայի ստեղծմամբ կբացառվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները:
Այս որոշումները նախատեսված են նախորդ տարի ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքով, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստր) համալիրի սուբյեկտների գրանցման կարգը:
Իսկ պետական պատվերով Հայաստանի զինված ուժերին ռազմարդյունաբերական արտադրանք մատակարարող ընկերությունները պարտավոր են դիմել կառավարությանը՝ ամփոփ ցուցակում հաշվառվելու համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info