Այսօր` սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում շարունակվող «Կովկաս-2016» զորավարժության ընթացքում ՌԴ զինված ուժերի հարավային և արևմտյան ռազմական շրջանների մոտոհրաձիգները և տանկիստները խաղարկել են պայմանական հակառակորդի շրջապատման և ոչնչացման գործողություններ:
Գործողություններին ներգրավվել են ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ, Տ-72ԲՄ և Տ-90Ա տանկեր, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր: Մարտական հրաձգության փուլում օգտագործվել են նաև «Օրլան», «Զաստավա», «Գրանատ», «Լեյեր» ԱԹՍ-ներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը (1, 2, 3, 4):
Ռուսաստանյան « ՌԻԱ Նովոստի » լրատվական գործակալության փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդի զանգվածային օդային հարձակմանը դիմագրավել է հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ավելի քան 20 կործանիչ:
ՀՌՇ պատասխանատվության տարածքին մոտեցող ինքնաթիռներին վնասազերծելու համար օդ են բարձրացվել հակաօդային պաշտպանության և ավիացիոն 4-րդ բանակի ՍՈւ-30ՍՄ, ՍՈւ-30Մ2, ՍՈւ-27ՍՄ3 ինքնաթիռները: Օդային տարածքի պաշտպանության համար պայմանականորեն կիրառվել են նաև Ս-400, Ս-300 զենիթահրթիռային համակարգերը և «Պանցիր-Ս» զենիթահրանոթային համալիրը:
Պայմանական հակառակորդի դերում թռիչքներն իրականացրել են ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները, ինչպես նաև արևմտյան և կենտրոնական ռազմական շրջանների բանակային և օպերատիվ-մարտավարական ավիացիաները:
ՌԴ ՊՆ կայքը հայտնում է, որ ՏՈւ-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները թռչել են նախատեսված տարածքում, և նրանց «որսալու» համար օդ են բարձրացել Սու-27 կործանիչներ, որոնք պայմանականորեն խոցել են թիրախները:
Զորավարժություններին ներգրավվել են նաև ՌԴ Կասպյան նավատորմի «Վոլգադոնսկ» և «Մախաչկալա» ռազմանավերը, որոնք խոցել են Կասպից ծովի ջրերում եղած թիրախները:
Հիշեցնենք, որ «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը սկսվել է սեպտեմբերի 5-ին: Այն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 10-ը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանների զորավարժարններում, Սև և Կասպից ծովերում: Վարժանքներին ներգրավված են 12500 զինծառայող, ավիացիա, զինտեխնիկա և ռազմանավեր:
Pingback: Ռուսաստանի ԶՈւ «Կովկաս-2016» զորավարժությանը ներգրաված է 120 հազար զինծառայող: | Ռազմ.info