Շաբաթվա ընթացքում հայկական զինուժը կորցրել է երկու զինծառայող • ՊԲ-ն շեշտը դնում է տեխնիկական հագեցվածության վրա • Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքը ներկայացվում է Ռուսաստանում • Դավիթ Փախչանյանը հանդիպել է Լեհաստանի գործընկերոջը • Մովսես Հակոբյանը քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը • 1ԲԿ-ում անցկացվել են շտաբային մարզումներ • ՊԲ-ում անցկացվել է նորանշանակ սպաների հավաք • Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խաղաղապահության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները • ՀՀ ՊՆ անհրաժեշտ թվով սպաներ կպատրաստվեն Ռուսաստանում • Երևանում կանցկացվի ՀԱՊԿ գագաթաժողով • Կստեղծվի ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների ռեեստր • Ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների վարձերը կզեղչվեն • Քննարկումներ են անցկացվել ՀՀ ՊՆ-ում • Լրագրողների համար անցկացվել է զորավարժություն • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է Օմարի լեռնանցքը • Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Արցախի դիրքեր
• Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհին հայտնաբերվել է զինծառայող Գեղամ Եղիազարյանի մարմինը, նրա մահվան հանգամանքները հայտնի չեն: Սեպտեմբերի 7-ին ՊԲ դիրքերից մեկում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով ստացած հրազենային վիրավորումից զոհվել է զինծառայող Արման Ղանդիլյանը:
• Սեպտեմբերի 4-ին հարցազրույցի ժամանակ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն անդրադարձել է Ապրիլյան գործողություններից հետո հայկական բանակում կատարված փոփոխություններին և նշել է, որ ապրիլից հետո բանակը շեշտը դնում է տեխնիկական հագեցվածության վրա՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես նաև զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման գործում: Անդրադառնալով հակառակորդին՝ Մնացականյանը նշել է, որ Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանի զինուժը նոր, ավելի հզոր զինատեսակներ չի գնել, միայն լրացրել է իր ծախսերը:
• Սեպտեմբերի 6-11-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանում անցկացվող «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորում-ցուցահանդեսին, որտեղ ՀՀ ՊՆ տաղավարում ներկայացված է նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքը, այդ թվում՝ հրետանու հետախուզման և կրակի կառավարման համալիր, լազերային հեռաչափներ և այլն:
• Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը Լեհաստանում մասնակցել է MSPO ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որի շրջանակներում Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալի հետ քննարկել է հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, անդրադարձել «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկության գործունեությանը:
• Սեպտեմբերի 7-9-ին ՀՀ ՊՆ տեղակալ Մովսես Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին:
• Շաբաթվա ընթացքում ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները:
• Սեպտեմբերի 6-ից ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց ընթացքում նորանշանակ սպաներին ներկայացվում են բանակի խնդիրները և առանձնահատկությունները:
• Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Լոնդոնում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու արձանագրել նոր հանձնառություններ:
• Սեպտեմբերի 6-ին հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ռուսաստանն իր ՌՈւՀ-երում ՀԱՊԿ համաձայնագրի շրջանակներում կպատրաստի այնքան սպաներ, որքան անհրաժեշտ լինի հայկական զինված ուժերին: Բորդյուժան նաև ներկայացրել է հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգը:
• Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման, համալիրի սուբյեկտների ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման կարգերը:
• Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԳ նախարարը հայտնել է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բոլոր ուսանողները, անկախ առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի զեղչից:
• Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
• Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին և նրանց հետ քննարկել է մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգը։
• Սեպտեմբերի 6-7-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում լրատվամիջոցների, ՏԻՄ-երի և ՊՆ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն:
• Սեպտեմբերի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info