Ռուսաստանում Հայաստանի համար անվճար կամ արտոնություններով կպատրաստվեն այնքան սպայական կադրեր, որքան պետք լինի Հայաստանին: Այս մասին սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանում սովորող ՀՀ ԶՈւ մոտ 200 զինծառայողների (կուրսանտների) թիվը ևս 200-ով ավելացնելու մտադրությունը, Բորդյուժան պատասխանել է.
«Կարող եմ ասել, որ Երևանի համար պատրաստվող կադրերի թվի ավելացումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի բանակի հրամանատարական պաշտոններում զինվորականների նշանակման պահանջների բավարարում: Ըստ այդմ՝ որքան պետք կլինի Հայաստանին, այդքան էլ կպատրաստենք»:
Բորդյուժան նաև ասել է, որ այն զինծառայողները, որոնք սովորում են Ռուսաստանում, սովորում են ՀԱՊԿ պետությունների համար անվճար կամ արտոնություններով զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնությամբ:
Այդ համաձայնությամբ ՀԱՊԿ պետությունների համար բաշխված են քվոտաներ [Ռուսաստանի] ռազմաուսումնական հաստատություններում, և ոչ միայն ռազմաուսումնական, այլև իրավապահ մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության և այլ ուժային կառույցների ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Բորդյուժան ավելացրել է, որ Հայաստանի զինված ուժերի կադրերը պատրաստվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Բելառուսում:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպման ժամանակ քննարկել էին ռազմակրթական ոլորտի հարցեր: Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ այս տարի Հայաստանից արդեն 200 սպա է դիմել սովորելու համար, ինչը Մոսկվան հաստատելու է:
Նշենք, որ Հայաստանի ԶՈւ սպաները (կուրսանտները) ռազմական կրթություն ստանում են նաև Չինաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Լիտվայում և Էստոնիայում:
Pingback: ՌԴ-ում ուսանում է ավելի քան 200 հայ կուրսանտ. Վիգեն Սարգսյան | Ռազմ.info