Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ռուսաստանում շարունակվող «Կովկաս-2016» զորավարժությանը ներգրավվել են օդադեսանտային ուժեր, որոնք տարբեր միջոցներով իրականացնելու են անձնակազմի և ռազմական տեխնիկայի դեսանտավորում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում արձակվելու են նաև Ս-300 «Ֆավորիտ» և Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի և «Պանցիր-Ս» համալիրի հրթիռներ, որոնցով խոցելու են պայմանական հակառակորդի տարբեր «թիրախներ»: Զորավարժության ընթացքում Կովկասի օդային տարածքին հետևելու են «Նեբո», «Կաստա», «Դեսնա», «Գամմա», «Աբառոնա» ռադիոտեղորոշման կայանները: Բացի այդ, օդային տարածքը կարող են պաշտպանել նաև Սու-27 կործանիչները, որոնք ազդանշանի դեպքում օդ կբարձրանան երկու րոպեում:
«Կովկաս-2016» տակտիկական զորավարժությունում ռազմական օբյեկտների վերահսկողությունը ուժեղացնելու համար ներգրավվել է նաև 700 պահեստազորային՝ Հարավային, Կենտրոնական ռազմական շրջաններից և Հյուսիսային նավատորմից: Պահեստազորայինները իրականացնելու են նաև պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն և ապօրինի զինված խմբավորումների վնասազերծման աշխատանքներ:
Վարժանքներին մասնակցում է նաև Ռուսաստանի զինված ուժերի՝ Աբխազիայում տեղակայված ռազմաբազան՝ սեփական զրահատեխնիկայով և անօդաչու թռչող սարքերով: Հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» պաշտոնական հեռուստաալիքը: Զորավարժությանը մասնակցում է նաև Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությունների ընթացքում Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադը, որ տեղակայված է Վոլգոգրադի շրջանում, կառավարման ավտոմատացված համակարգերի և կապի միջոցների կիրառմամբ իրականացնելու է պաշտպանողական և հարձակողական բնույթի առաջադրանքներ, ինչպես նաև հակադարձելու է պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածներին: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններին ներգրավվել են նաև Կասպյան նավատորմի ռազմանավերը, որոնք չեզոքացնելու են հակառակորդի նավերը և պաշտպանելու են նավթային և այլ ենթակառուցվածքները: Իսկ ծովային հետևակի ստորաբաժանումները արգելափակելու և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը սկսվել է սեպտեմբերի 5-ին: Այն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 10-ը Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանների զորավարժարաններում, Սև և Կասպից ծովերում: Վարժանքներին ներգրավված են 125000 զինծառայող, ավիացիա, զրահատեխնիկա և ռազմանավեր:
Pingback: Ռուսաստանի «Կովկաս-2016» զորավարժությանը ներգրաված է 120 հազար զինծառայող: | Ռազմ.info