ԱՄՆ Մերձավոր Արևելքում F-35B կործանիչ–ռմբակոծիչներ կտեղակայի

2017-ին ԱՄՆ զինված ուժերը 5-րդ սերնդի F-35B կործանիչ-ռմբակոծիչների երկու էսկադրիլիա կտեղակայեն Մերձավոր Արևելքում և Ասիա-խաղաղաօվկիանոսյան շրջանում դեսանտային նավերի վրա և ռազմածովային  բազաներում: Կործանիչները սկզբից կտեղակայվեն WASP, որից 8 ամիս հետո՝ ESSEX նավի վրա: Այս մասին օգոստոսի 30-ին հայտնում  է ամերիկյան The Hill լրատվակայքը՝ մեջբերելով  ԱՄՆ ԶՈւ ծովային կորպուսի գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Ուոլշին:

F-35B կործանիչ

F-35B կործանիչ

F-35B կործանիչ-ռմբակոծիչներով բեռնված WASP նավը կուղարկվի Ճապոնիա, որտեղ  Յամագուտիում ԱՄՆ ծովային հետևակի ռազմածովային բազա կտեղափոխվեն 16 միավոր կործանիչներից 10-ը, իսկ  6-ը կշարունակեն տեղակայված մնալ նավի վրա: Անհրաժեշտության դեպքում նավի վրա կտեղակայվեն միանգամից բոլոր 16 կործանիչները:

Իսկ ESSEX նավերի կործանիչները կգործեն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներքո, որը ներկայումս առավելապես կոորդինացնում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈւ գործողությունները:

Այս պահին WASP նավի վրա կործանիչների տեղադրման փորձարկման փուլում է գտնվում: Տեսանյութը՝ ստորև:

Ավելացնենք, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ն WASP նավից ծովային հետևակի կորպուսի Harrier AV-8B գրոհիչներով հարվածել է Լիբիայում ԻՊ դիրքերին:

Ավելացնենք, որ F-35 կործանիչներն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, թեև ստեղծման աշխատանքներին մասնակցել են մի շարք պետություններ ու ընկերություններ: Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։ Մեկ միավորի գինը տատանվում է 155-199 մլն ամերիկյան դոլարի միջև՝ կախված մոդիֆիկացիայից։

F-35B տարբերակը ծովային դեսանտի համար է ստեղծվել, այս տարբերակը ունի կարճ տարածության վրա օդ բարձրանալու ու ուղղահայաց վայրէջքի հնարավորություն:

One response to “ԱՄՆ Մերձավոր Արևելքում F-35B կործանիչ–ռմբակոծիչներ կտեղակայի

  1. Pingback: ԱՄՆ-ն Միջերկրական ծովում տեղակայել է 2 միավոր դեսանտային նավ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *