Ուշացած սենսացիա. ո՞ւմ ՀՕՊ համակարգերն են պաշտպանում Արցախի երկինքը

Երեկ ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է «ԱՄՆ ռազմական վերլուծությունների կենտրոն. ռուսաստանյան Ս-300-ները պաշտպանել են Ղարաբաղի ու Աբխազիայի երկինքը» («Центр военного анализа США: Российские C-300 прикрыли небо над Карабахом и Абхазией») վերնագրով մի նյութ։ Հղելով ադրբեջանական Contact.az կայքին՝ «Ռեգնում»-ը գրում է, որ համաձայն ամերիկյան փորձագետի, Ռուսաստանը Ս-300 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նոր համակարգեր է տեղադրել Հայաստանում և որ այդ համակարգերը պաշտպանում են նաև Արցախի երկինքը։

Հարկ ենք համարում այս նորության հետ կապված որոշ պարզաբանումներ տալ։

Նախ, նշենք, որ Razm.info-ն դեռ 5 ամիս առաջ էր հայտնել, որ Հայաստանը 2Կ11 «Կռուգ» զենիթահրթիռային համակարգերը փոխարինում է Ս-300ՊՍ համակարգերով։ Ավելին` Հայաստանի հարավում Ս-300ՊՍ համակարգերի նոր դիվիզիոնների տեղակայման մասին տեղեկություններ կային դրանից ավելի վաղ, սակայն հայտնի չէր տեղակայման վայրը։

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցի նյութը պարունակում է մի շարք անճշտություններ։

1. Ադրբեջանական հոդվածում հիշատակվող Շոն Օ՛Քոնորն իսկապես փորձագետ է, տիեզերական հետախուզության նախկին աշխատակից, սակայն տեքստում հիշատակվող IMINT-ը ոչ թե կազմակերպություն է, այլ Blogspot.com անվճար բլոգային հարթակում Օ՛Քոնորի անձնական բլոգի անունն է։

2. Իրականում խոսքը ոչ թե մարտկոցների, այլ դիվիզիոնների մասին է (4-ական մարտկոցով, ընդհանուր՝ 12 մարտական մեքենա)։

3. Ադրբեջանցիները գրում են, թե Հայաստանը «տեղափոխել է Ս-300 համակարգերը սահմանին մոտ» («սահման» ասելով` ադրբեջանցիները նկատի ունեն նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմանը – Razm.info)։ Ընդ որում` հոդվածի ենթատեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը Երևանի շուրջ տեղակայված համակարգերի տեղափոխման մասին է։ Սակայն քիչ հետո, ադրբեջանցի հոդվածագիրը գրում է, թե այդ համակարգերը Ռուսաստանն է տեղակայել։

Իրականում, ադրբեջանական այս երկու իրարամերժ վարկածներն էլ անհիմն են։ Նախ, Երևանի ու Կապան-Գորիսի Ս-300-ները տարբեր են, համապատասխանաբար` Ս-300ՊՏ-1 և Ս-300ՊՍ, ինչը շատ հստակ երևում է արբանյակային լուսանկարներից։ Հետևաբար դրանք չեն կարող տեղափոխված լինել Երևանից։

Երկրորդ` տարբեր են նաև ՀՀ և Ռուսաստանին պատկանող Ս-300-ները։ Ինչպես նշեցինք, հայկական բանակը զինված է Ս-300ՊՏ-1 և Ս-300ՊՍ համակարգերով, մինչդեռ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան զինված է Ս-300Վ համակարգերով, որոնք էապես տարբեր համակարգեր են, թեև նույն անունն են կրում։

One response to “Ուշացած սենսացիա. ո՞ւմ ՀՕՊ համակարգերն են պաշտպանում Արցախի երկինքը

  1. Pingback: Հայաստանի հակաօդային պաշտպանության քարտեզը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *