Ռազմական շաբաթի ամփոփում. Հայաստան, հոկտեմբերի 7–13

ՀՀ ռազմական ոլորտի անցյալ շաբաթվա ամենակարևոր իրադարձություններից էր, անշուշտ, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ուր նա խոսեց ՀՀ ԶՈՒ կառուցվածքում մի քանի բավականին լուրջ փոփոխությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ «պրոֆեսիոնալ բանակի անցնելու» խնդրին։ Այս, և Հայաստանի ռազմական ոլորտի այլ իրադարձությունների ամփոփումը՝ ստորև.

  1. Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը։
  2. Բակո Սահակյանի հրամանգիրը 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
  3. Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել
  4. ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն զորավարժությունը Ղազախստանում
  5. Հրամանատարաշտաբային զորավարժությունները ՀՀ-ում շարունակվում են
  6. ԵԱՀԿ հերթական դիտարկումը հոկտեմբերի 10-ին

1. Հինգշաբթի, հոկտեմբերի 11-ին «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը հրապարակեց պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ բավական հետաքրքիր հարցազրույց, որում հնչած առավել առանցքային դրույթները մեր կարծիքով երեքն են.

  • Հայաստանը շարունակելու է պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը զինված ուժերում։ Այդ ծրագրի շրջանակներում «պայմանագրային սերժանտներն առանձնացվել են «շարքային» կազմից` դառնալով «ենթասպայական» կազմ»։ Աշխատանքներ են տարվում նաև վաշտի, գումարտակի և շտաբային սերժանտների ուսումնական ծրագրերի մշակման ուղղությամբ։
  • Աշխատանքներ են տարվում հրամանատարաշտաբային ակադեմիայի և Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման ուղղությամբ։ Ենթադրվում է, որ այդ կրթական հաստատությունները հնարավորություն կտան զինված ուժերն ապահովել բարձրագույն սպայական և հրամանատարական կազմով։
  • Ի պատասխան «պրոֆեսիոնալ բանակի» ստեղծման մասին հարցին, Դավիթ Տոնոյանը մի անգամ ևս ընդգծեց այն միտքը, որ սեփական տարածքին սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում «պրոֆեսիոնալ բանակի» լիովին անցնելը անհեռանկար և խիստ վտանգավոր քայլ է։ Մասնավորապես Դավիթ Տոնոյանը նշել է. «Պրոֆեսիոնալ բանակին անցնելու համար պետք է ունենալ համապատասխան աշխարհաքաղաքական պայմաններ, հենց այդ պայմաններին հասնելու դեպքում էլ կարելի է քննարկել՝ հնարավոր է արդյո՞ք անցումը պրոֆեսիոնալ բանակին: Ինչպես իրավացիորեն նշեցիք, ունենք չկարգավորված հակամարտություն, որի պայմաններում ամբողջական պայմանագրային զինծառայության համակարգին անցնելն իրեն չի կարող թույլ տալ ոչ մի պետություն, թերեւս բացառությամբ մի քանի գերտերությունների»։

Զարմանալիորեն թե´ հայկական լրատվամիջոցները, թե´ բանակի հարցերով հաճախ ելույթներ ունեցող ակտիվիստները լրիվ անտեսեցին այս հրապարակումը։

2. Հոկտեմբերի 6-ին Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում սկսվեց 2012 թվականի աշնանային զորակոչն ու զորացրումը: Արցախի կառավարությունը հանձնարություն ստացավ երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի իրականացումն ապահովող համապատասխան որոշում:

3. Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել մասնակցելու Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ ղեկավարած առաքելություններին մասնակից երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ադրբեջանի պաշտնախ Սաֆար Աբիևը։

4. Հոկտեմբերի 8-ին Ղազախստանում մեկնարկեց ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունը, որի նպատակը հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ խաղաղապահ միջոցառումների մշակումն է: Զորավարժությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը:

5. Ըստ ՊՆ հոկտեմբերի 9-ի հաղորդագրության` ՀՀ տարածքում ՀՀ ԶՈՒ, ոստիկանության զորքերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ներգրավմամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում իրականացվել են գործողություններ նոր կազմավորվող և վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ, գործնականում ստուգվել է ոստիկանության զորքերի մարտունակությունը, ինչպես նաև սահմանապահ զորքերի զորահամալրումը:

Զորավարժությունների ընթացքում փորձակվել են անօդաչու թռչող սարքեր, հակատանկային ստորաբաժանումները կիրառել են նոր հակատանկային միջոցներ, հստակեցվել են հրթիռային զորքերի խմբավորման և կիրառման հարցերը, հակաօդային պաշտպանության զորքերն իրականացրել են բարդ մարտավարական հնարքներ` հաշվի առնելով հավանական հակառակորդի ավիացիայի քանակական աճը: Իրականացվել է նաև արագ զորաշարժ, լուծվել են փոփոխվող իրավիճակում ծագող առանձին խնդիրներ:

6. Հոկտեմբերի 10-ին ԵԱՀԿ դիտորդները հայ-ադրբեջանական շփման գծի պլանային դիտարկում են իրականացրել, որի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Հայկական կողմից դիտորդներին ուղեկցել են Արցախի արտգործ և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *