Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կործանիչների հնացած պարկը լրացնելու համար պատրաստվում են ԱՄՆ-ից գնել 42 միավոր F-35A ինքնաթիռ: 6 կործանիչի ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է, այդ թվում՝ 4-ը արդեն հավաքման փուլում են:Այս մասին օգոստոսի 15-ին հայտնել է Jane’s ռազմական հանդեսը:
Օգոստոսի 14-ին Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի կայքը հրապարակել է ԱՄՆ Տեխաս նահանգի ֆորթ Ուորթ քաղաքի ավիաբազայում հավաքվող առաջին F-35A կործանիչ-ռմբակոծիչների լուսանկարները: Նշվում է, որ ինքնաթիռները գտնվում են հավաքման ավարտական փուլում, և պատրաստ են փորձարկումներ անցնել Արիզոնայում գտնվող Luke ռազմաբազայում:
1970-ականներից Ճապոնիայում կիրառության մեջ գտնվող և արդեն հնացած McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ-ռմբակոծիչների փոխարինման համար Ճապոնիային անհրաժեշտ է շուրջ 42 միավոր F-35A, որոնցից 28-ը մտադիր են ձեռք բերել առաջիկա հինգ-վեց տարիների ընթացքում, իսկ 6-ի գնման համար արդեն ունեն պայմանավորվածություն:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցոնուրի Օնոդերան 2014-ին նշել էր, որ 2017-ին ակնկալվող 20 միավոր F-35 ինքնաթիռից չորսը, սկզբնական շրջանում կտեղակայվեն Միսավայի ավիաբազայում. փոխանցում է Jane’s ռազմական հանդեսը:
Հիշեցնենք, որ F-35A կործանիչ-ռմբակոծիչները ԱՄՆ սպառազինության մեջ էին մտել այս տարվա օգոստոսի սկզբին: Մասնավորապես՝ օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌՕՈւ մարտական ավիացիայի հրամանատար, գեներալ Հերբերթ Կարլայսը հայտարարել էր, որ F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել: