ԱՄՆ Աֆղանստանում և Իրաքում կրկին B-52H ռմբակոծիչներ է օգտագործում

Շուրջ տասը տարի անց ԱՄՆ ռազմաօդային ուժերը Աֆղանստանում և Իրաքում ավիահարվածների համար կրկին սկսել են օգտագործել «Բոինգ» (Boeing) ընկերության արտադրության B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները:Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել է «Ջեյնս» ռազմական  հանդեսը՝ փոխանցելով ԱՄՆ-ի օդուժի շտաբի պետ, գեներալ Դավիդ Գոլդֆեինի հայտարարությունը:

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետը նշել է, որ B-52H ռմբակոծիչները կրկին օգտագործվում են Իրաքում և Աֆղանստանում, սակայն չի նշել թե Աֆղանստանում ԱՄՆ-ն երբ է սկսել այս ռմբակոծիչներով ավիահարվածներ հասցնել: Հայտնի է, որ վերջերս ռմբակոծիչը երկու թռիչք է կատարել Աֆղանստանում՝ ահաբեկչակն խմբավորումների դիրքերի ուղղությամբ գցելով 27 ռումբ:

2016-ի ապրիլից սկսած B-52H ռազմավարական ռմբակոծիչները Քաթարի «Ալ Ուդեիդ» ավիաբազայից 270 թռիչք են կատարել՝ Սիրիայում և Իրաքում «Անքակտելի վճռականություն» (Inherent Resolve) գործողության շրջանակներում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Նշենք՝ դեռևս 2015-ի մարտին Fox News-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «Իսլամական պետության» պայքարի շրջանակներում պատրաստվում է օգտագործել նաև  B-52 ռմբակոծիչներ:

2016-ի հունիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել էր ռազմաօդային ուժերն ավելի ակտիվ օգտագործել Աֆղանստանում տարվող հակաահաբեկչական պայքարում: Հունիսից մինչ օրս ԱՄՆ օդուժը 800 մարտական թռիչք է կատարել Աֆղանստանում և հասցրել ավելի քան 140 հարված:

ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածները զինյալների դիրքերին Իրաքում. (արխիվ)

ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածները զինյալների դիրքերին Իրաքում. (արխիվ)

B-52 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման է հանձնվել 1955-ին։ 5-տեղանոց ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1050 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ B-52H Stratofortress-ն ունակ է օդ բարձրացնել 31 500 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր, այդ թվում՝ նաև միջուկային։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը 2014- ին արդիականացրել են B-52H Stratofortress առաջին ռազմավարական ռմբակոծիչը՝ համալրելով CONNECT անվանումը ստացած արբանյակային կապի ու կառավարման նոր համակարգով, որով զգալիորեն բարձրացել է ռմբակոծիչի օպերատիվության աստիճանը։

Նշենք, որ Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 131 խաղաղապահ զինծառայողներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *