Օգոստոսի 8-ին BBC հեռուստառադիոընկերությունը հրապարակել է Սիրիայում Մեծ Բրիտանաիայի հատուկջոկատայինների ներկայությունը առաջին անգամ փաստող լուսանկարներ, սակայն երկրի պաշտպանության նախարարությունում լուսանկարները տեսնելուց հետո ասել են, որ չեն մեկնաբանի հատուկ նշանակության գործողությունները:
Լուսանկարները, որոնք թվագրվում են այս տարվա հունիսին, արվել են իրաք-սիրիա-հորդանանյան սահմանին գտնվող «ալ-Թանաֆ» բազայի վրա «Իսլամական պետության» հարձակումից անմիջապես հետո: Բազան գտնվում է սիրիական ընդդիմադիր «Սիրիայի Նոր Բանակ» խմբավորման վերահսկողության տակ, իսկ բրիտանացի հատուկջոկատայինները պաշտպանում և հսկում էին բազայի շրջակայքը:
«Սիրիայի Նոր Բանակ» խմբավորումը կազմավորվել է 2015-ի նոյեմբերին և գործում է ԱՄՆ-ի աջակցությամբ: Խմբավորումը գործում է «Սիրիայի Ազատ Բանակ»-ի կազմում և մածամասամբ ներգրավված է «Իսլամական պետության» դեմ պայքարում: Վերջին անգամ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների մասին հաղորդվել է օգոստոսի 7-ին:
Ականատեսների վկայությամբ՝ բրիտանացիները այդտեղ իրականացնում են պաշտպանական առաքելություն, սակայն նրանք իրենց հետ ունեն մեծ քանակությամբ սպառազինություն, այդ թվում նաև՝ դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի գնդացիրներ և հակատանկային հրթիռներ և «Իսլամական պետության» հարձակման դեպքում կկարողանան ցույց տալ նշանակալի դիմադրություն:
«Սիրիական Նոր Բանակ» խմբավորման խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հատուկջոկատայինների լուսանկարները, սակայն խոստովանել է, որ բրիտանացի և ամերիկացի գործընկերները օգնում են իրենց հատուկ պատրաստության հարցում: Խոսնակը նշել է նաև, որ իրենք «Պենտագոն»-ից ստանում են զենք և սպառազինություն, ինչպես նաև օդից աջակցություն:
BBC-ն հաղորդում է, որ «Սիրիայի Նոր Բանակ» խմբավորումը, որը նորակոչիկներին հավաքագրում է հիմնականում Դեր Զոր շրջանից, անհաջողություն է կրել իրաք-սիրիական սահմանով անցնող ԻՊ առևտրային գլխավոր ուղին ճեղքելու վերջին փորձի ժամանակ, սակայն կարողացել է հետ մղել «ալ-Թանաֆ»-ի ուղղությամբ գրոհները:
Խմբավորման զինյալները ծաղրանքի էին ենթարկվում ԻՊ-ի քարոզչական հոլովակում հունիսին ալ-Բուքամալի ուղղությամբ անհաջող հարձակումից հետո: Իսկ հոլովակներից մեկում երևում են նաև «Սիրիայի Նոր Բանակ» խմբավորման զինյալների և արևմտյան հատուկջոկատայինների միասին անցկացրած մարզումների կադրեր:
Նշենք, որ Մեծ Բրտանիայի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին հավանություն էր տվել Սիրիայի տարածքում ԻՊ-ին հարվածներ հասցնելուն, սակայն սա չէր վերաբերում ցամաքային գործողություններին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info