Պենտագոնը հրաժարվում է փոխհատուցել Պակիստանի հակաահաբեկչական ծախսերը

ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոն) Պակիստանին հակաահաբեկչական պայքարի համար նախապես որոշված 300 միլիոն դոլարը չի տրամադրի, քանի որ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Կոնգրեսին չի հավաստիացրել, որ Պակիստանը բավարար միջոցառումներ է ձեռնարկում «Հաքանի» ահաբեկչական ցանցի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Պակիստանի զինծառայողները Թալիբանի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ

Պակիստանի զինծառայողները Թալիբանի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը մասնավորապես նշել է, որ գումարը  չի փոխանցվի Պակիստանի կառավարությանը այնքան ժամանակ, մինչև պաշտպանության նախարարը Կոնգրեսում չհաստատի, որ Պակիստանը բավարար ցանկություն ունի ահաբեկչական  ցանցի դեմ պայքարելու համար:

Գործակալությունը նշում է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում վատթարացել են, որովհետև «ԱՄՆ-ն չի տեսնում Պակիստանի կառավարության շահագրգռվածությունը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ինչպիսիք են «Թալիբանը» և «Հաքանի» ցանցը»:

ԱՄՆ-ում այս որոշումն ընդունվել է մինչ Վազիրստանի հյուսիսային շրջանում կառավարական ուժերի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրված առաջընթացը: Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը 1996-2001 թթ. որպես «պետություն» ղեկավարել է Թալիբան ահաբեկչական շարժումը:

Պակիստանը հերքում է զինյալներին ծածկելու և տարբերակում դնելու մեղադրանքը, այնուամենայիվ, նշում է, որ իր միջոցները սահմանափակ են, քանի որ նա միանգամից կռվում է մի քանի իսլամիստական խմբավորման դեմ:

Նշենք, որ «Հաքանի» ահաբեկչական ցանցը գործում է հիմնականում Աֆղանստանի տարածքում՝ Պակիստանի սահմանամերձ շրջաններում: Այս ցանցի շուրջ մինչ այս մի շարք տարաձայնություններ են եղել ամերիկյան և պակիստանյան կողմերի միջև, որոնք ուղեկցվել են ցանցը ստեղծելու և ֆինանսավորելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով:

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները Պակիստանում

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները Պակիստանում

300 միլիոն դոլարը Պակիստանին պիտի փոխանցվեր կոալիցիայի աջակցման ֆոնդի շրջանակներում (the Coalition Support Fund): Վերջինս պաշտպանության նախարարության ծրագիրն է, որով  դաշնակիցներին աջակցում է հակաահաբեկչական պայքարում արված ծախսերում: Ծրագրի շրջանակներում Պակիստանը ամենախոշոր ստացողն է: Պենտագոնի տվյալներով՝ ֆոնդից Պակիստանը 2002 թվականից ստացել է շուրջ 14 մլրդ դոլար:

Ավելի վաղ՝ մարտին, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը ասել էր, որ նա Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի իր ողջ իշխանությունն օգտագործելու է, որպեսզի խոչընդոտի Պակիստանին 700 միլիոն դոլլար արժողությամբ F-16 կործանիչներ վաճառելուն:

Նշենք, որ 2014-ին Պակիստանն ԱՄՆ-ի համաձայնությամբ 13 միավոր F-16 կործանիչ էր գնել Հորդանանից: Այնուհետև՝ 2016-ի սկզբին ԱՄՆ հաստատել էր Պակիստանին ևս 8 միավոր կործանիչ վաճառելու պայմանագիրը: Սակայն սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ պակիստանյան կողմը պետք է վճարի 700 մլն դոլար արժողությամբ պայմանագրի միայն 270 մլն-ը, իսկ մնացածը պետք է փոխհատուցեր ԱՄՆ-ն:

Սակայն ամերիկյան կողմը ամբողջ գումարը պահանջել էր Պակիստանից, ինչը գործարքը չեղյալ հայտարարելու վտանգի առջև է կանգնեցրել: Ավելացնենք, որ բացի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարից, Պակիստանը լուրջ հակասություններ ունի հարևան Հնդկաստանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *