Պակիստանը Հորդանանից գնել է F-16 կործանիչներ

Պակիստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն 13 միավոր F-16 կործանիչներով։ Այս գործարքով պակիստանյան օդուժի կազմում կործանիչների ընդհանուր թիվը կհասնի 76-ի։ Կործանիչները Պակիստանին է վաճառել Հորդանանի Թագավորությունը։ Այս մասին հաղորդում է պակիստանյան The International News լրատվակայքը։

F-16 կործանիչներ. Պակիստանի ՌՕՈւ

F-16 կործանիչներ. Պակիստանի ՌՕՈւ

Կործանիչների գնման շուրջ պայմանավորվածությունը կողմերի միջև արդեն ձեռք է բերվել և կնքվել է համապատասխան պայմանագիրը։ Գործարքին իր հավանությունն է տվել նաև ԱՄՆ-ն, քանի որ ժամանակին հենց այս երկիրն է Հորդանանի Թագավորությանը վաճառել այդ կործանիչները և առանց իր համաձայնության Հորդանանը իրավունք չուներ վաճառել կամ փոխանցել դրանք երրորդ երկրի։

Պակիստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կործանիչները բավական լավ վիճակում են, դրանք դեռևս չեն հասել իրենց շահագործման ժամկետի կեսին և վստահորեն կարելի է ասել, որ կործանիչները կծառայեն դեռևս 20 տարի կամ կկատարեն 3 000 ժամ թռիչք։

Նշենք, որ Հորդանանի Թագավորության ռազմաօդային ուժերի կազմում F-16 կործանիչներն անցել են արդիականացում, ինչի արդյունքում ինքնաթիռների համար նախատեսված գործարանային 4 000 թռիչքաժամի պաշարը դարձել է 8 000։ Փոխվել են նաև կործանիչների շարժիչների որոշ պահեստամասեր։

Ամերիկյան արտադրության հանրահայտ F-16 կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1974-ին։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչների ավելի քան 4 500 միավոր, այն շահագործվում է աշխարհի 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Անձնակազմը բաղկացած է մեկ հոգուց, ինքնաթիռի առավելագույն արագությունը 2 120 կմ/ժ է։ Այն սպառազինությունում ունի օդ-օդ և օդ-մակերևույթ դասի հրթիռներ, հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։

One response to “Պակիստանը Հորդանանից գնել է F-16 կործանիչներ

  1. Pingback: Պենտագոնը հրաժարվում է փոխհատուցել Պակիստանի հակաահաբեկչական ծախսերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *