Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Դոկտոր Ֆոն Գեյերի և արտաքին գործերի նախարարության՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Երկրի պաշտպանության նախարությունում անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքում Գերմանիայի համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, ռազմական կրթություն և միջազգային առաքելություններին համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:
Քննակվել են ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
Գերմանիայի ԱԳՆ-ում անցկացված հանդիպման ընթացքում էլ քննարկվել են Արցախյան հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման, մշտադիտարկման ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու դրանց շուտափույթ իրագործման համար անհրաժեշտ կարողությունների կիրառման հնարավորությունները:
Հանդիպումներին մասնակցել են Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի աշխատակազմում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info