Ռազմինֆոն մեկնաբանում է Հրանտ Բագրատյանի հայտարարությունները

Դատելով ԱԺ պատգամավոր, 1993–96 թթ. Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի այսօրվա ասուլիսից՝ նա համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերսկսվելու է։ Առնվազն զարմանալի է, որ Բագրատյանը նոր է հայտնաբերում պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանում կարծես թե բոլոր լուրջ քաղաքական գործիչները գիտակցում են պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հավանականությունը։ Ավելին՝ պատերազմը երբեք չի դադարել, քանի որ գրեթե ամեն օր խախտվող հրադադարը խաղաղություն համարել չի կարելի, իսկ ադրբեջանական կողմը երբևէ չի թաքցրել զենքի ուժով արցախյան հիմնահարցը լուծելու իր ցանկությունը։

Հրանտ Բագրատյան։ Լուսանկարը՝ Azatutyun.am

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկնաբանել Հրանտ Բագրատյանի՝ ռազմական թեմայով այսօրվա հայտարարությունները։

Հրանտ Բագրատյան. «Ալիևն արդեն 40 մլրդ-ի զենք է առել: Մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ, այդպիսի հեռահար հրետանի: Ադրբեջանը կառավարվող հրետանի է առնում, որպեսզի իրենց կողմից զոհ չլինի» (Սկզբնաղբյուր՝ Aravot.am)։ «Գնել են անօդաչու ինքնաթիռներ և պատրաստվում են Հայաստանը ռմբակոծել: Իսկ մենք չունենք հեռահար հրետանի» (Սկզբնաղբյուր՝ Tert.am )

Ռազմինֆո. Նախ նշենք, որ 1992-2012թթ. ընթացքում Ադրբեջանը ռազմական նպատակներով ծախսել է ընդհանուր առմամբ մոտ 19 մլրդ դոլար (համաձայն SIRPI տվյալների)։ Այսինքն` 21 տարվա գումարային ծախսերն ավելի քան երկու անգամ քիչ են այն թվից, որը Բագրատյանը նշում է որպես Ադրբեջանի գնած սպառազինության արժեք։ Ընդ որում վերոհիշյալ 19 միլիարդի միայն մի մասն է ծախսվել սպառազինություն գնելու համար։

Ադրբեջանի գնած անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) և ոչ մեկն ի վիճակի չէ զենք՝ այդ թվում և ռումբեր, կրել։ Ընդհանրապես հարվածային ԱԹՍ ունենալու ճոխությունն իրենց կարող են թույլ տալ աշխարհում ընդամենը մի քանի երկիր` այն էլ որպես օժանդակ միջոցներ և ոչ հիմնական։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԱԹՍ ունենալ-չունենալուն, ապա Հայաստանը ոչ միայն ունի, այլև ինքնուրույն արտադրում է ԱԹՍ-ներ։

Դժվար է ասել, թե հատկապես ինչ նկատի ուներ Հրանտ Բագրատյանը «հեռահար հրետանի» ասելով, սակայն Հայաստանի զինված ուժերի տրամադրության տակ կան բավարար քանակի հրետանային միջոցներ, որոնք ի վիճակի են թիրախներ խոցել մինչև մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Որպես օրինակ կարելի է նշել համազարկային կրակի WM-80 կայանները (միչև 80–120 կմ հեռահարության), իսկ փողային հրետանուց, օրինակ՝ «Գիացինտ-Բ» հրանոթները (մինչև 40կմ հեռահարությամբ)։ Այլ հարց է, որ ադրբեջանցիները հնարավոր է ունեն ավելի մեծ քանակությամբ հեռահար հրետանի։ Բայց դա չի կարող վճռորոշ դերակատարություն ունենալ պատերազմի ելքի համար, քանի որ հեռահար հրետանու խնդիրների ցանկը բավական նեղ է, իսկ պատերազմի ժամանակ հիմնական բեռն ընկնելու է փոքր և միջին հեռահարության հրետանու վրա։

Հրանտ Բագրատյան. «Բագրատյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հեռահաղորդակցության հզոր ալեհավաք գնել, որի հիմնական նպատակը, ըստ Բագրատյանի, Հայաստանում գտնվող մինչև վերջին զենքի ու զինամթերքի մասին տեղեկություններ հավաքելն է»։ (Սկզբնաղբյուր՝ Tert.am )

Ռազմինֆո. Խնդրում ենք Հրանտ Բագրատյանին ցույց տալ մեզ այն ալեհավաքը, որը հայտնաբերում է օրինակ` հրետանային արկերի պահեստը։ Շատ կուզենք տեսնել գիտության այդ հրաշքը։

5 responses to “Ռազմինֆոն մեկնաբանում է Հրանտ Բագրատյանի հայտարարությունները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *