ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Սեյրան Օհանյանի հետ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Արցախում տիրող իրավիճակի մասին։Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան « Ինտերֆաքս » լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Արխիվային նկար։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
Հոկտեմբեր, 2014 թ.

Այսօր ավելի վաղ Զայնետդինովը հայտարարել էր, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրելու են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ «Ամեն ինչ պետք է լուծվի բանակցային ճանապարհով։ Այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները տանում են հակամարտության և իրավիճակի սրման»,— հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։

Վերջինս հավելել է նաև, որ Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ ու գտնում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության համար ռազմական լուծում չի կարող լինել։

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի արցախյան հատվածի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ։

One response to “ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Սեյրան Օհանյանի հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *