ԵԱՀԿ դիտարկում Տավուշի Կիրանց գյուղի ուղղությամբ

Մարտի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացրել Տավուշի մարզի Կիրանց գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ մարտի 19-ի թողարկումը։

Նախքան դիտարկումը Տավուշի մարզպետարանում մարզպետարանի ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են սահմանամերձ գյուղերի վիճակը և մտահոգություն հայտնել, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը։ Չնայած ամսվա ընթացքում այդ կրակոցները համեմատաբար քիչ են եղել, այնուամենայնիվ կան գյուղեր, որոնց հեղատարածքների կեսը հակառակորդի կրակոցների պատճառով չի մշակվում։

Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել ադրբեջանական զինուժի կրակոցների վիճակագրությունը և մասնավորապես ականանետների ու այլ հրետանային միջոցների կիրառման դեպքերը։

Մարզպետարանի ներկայացուցիչները դիտորդների ուշադրությունն են հրավիրել նրա վրա, որ հակառակորդի կրակոցներից զոհվում և վիրավորվում են նաև քաղաքացիականներ։

Մարզպետարանում հանդիպումից հետո հայկական Կիրանց և ադրբեջանական Մազամլի (Մազամ) գյուղերի ուղղությամբ դիտարկումն անցկացվել է տեսողական շփման միջոցով, քանի որ Ադրբեջանը կտրուկ հրաժարվել է սահմանը հատելու, հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկներից։ Դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել։

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Եվգենի Շարովը։ Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Պետեր Սվեդբերգը և Սայմոն Թիլերը։

Նշենք, որ մինչ դիտարկումը՝ մարտի 14-ին, ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպրշիկն այցելել է նաև Արցախ և Բակո Սահակյանի հետ քննարկել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի արցախյան հատվածում տիրող իրավիճակը։

Ավելացնենք, որ Կիրանցում անցկացված դիտարկումը վեցերորդն է եղել այս տարվա ընթացքում։ Ռազմինֆոն 2016-ին անցկացված բոլոր դիտարկումները ներկայացրել է ինտերակտիվ ժամանակագրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *